Ալիևը սադրիչ հայտարարություններով ուզում է հե...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 21-ին, Կապանի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել:

«Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին»,-Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը:

Նա, իր խոսքում մասնավորապես, նշել է. «44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի շուրջ առավել եւս անվտանգային իրավիճակի դրությամբ փոփոխություն ունենք: Այդ իրադրությունն էլ ավելի սրվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող սադրիչ եւ անկանոն, հակասական  հայտարարություններով: Ընդ որում ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին: Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ եւ ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին: Այսօր էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն ստիպված էր հերքել Ադրբեջանի ղեկավարին՝ ասելով, որ խոսք չկա ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:

Իմ գնահատականն այն է, որ այդ հայտարարությունները սադրիչ են, դրանք պետք է արժանանան պատշաճ ուշադրության, արձագանքի, պատշաճ հակազդեցության այդ թվում միջազգային հարթակներում մեր  երկրի դիվանագիտական առաքելությունների կողմից»:

Վարչապետն անդրադարձավ նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշելով. «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ Զանգեզուր, ոչ Սյունիք, ոչ միջանցք արտահայտություններ չկան: Խոսք է գնում  տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին եւ հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել եւ մեկնաբանել ենք, թե ինչ պետք է տեղի ունենա: Պետք է տեղի ունենա տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում:

Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ապա նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջեւանի միջանցքի մասին, Հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին: Որովհետեւ Ադրբեջանն ըստ այդ հայտարարության եւ գրավոր հրապարակված փաստաթղթերի, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք» ինչպես Հայաստանըկստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում Նախիջեւանի տարածքով:

Եթե անկեղծ լինեմ, իմ մեկնաբանությունն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ մեկնաբանություններով ուզում է վիժեցնել գործընթացը: Այսինքն ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից՝ լարելով իրավիճակը տարածաշրջանում՝ շարունակելու համար Հայաստանի շրջափակման քաղաքականությունը»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Սյունիքի այն սահմանագծի մասին, որը մենք ունենք. «44-օրյա պատերազմը այն ընթացքը չի ունեցել, որը կարող էինք ակնկալել: Մի իրավիճակում, երբ մեր  պաշտպանական կարողականությունները բավարար եւ պատշաճ չէին,, ըստ էության, որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համապատասխանեցնել ՀԱՊԿ սահմանագծին, որպեսզի մենք այդտեղ կարողանանք կոլեկտիվ անվտանգության համակարգերը աշխատեցնել: Շատ է քննարկվում հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը. Էլի ուզում եմ ընդգծել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը տարածվում է Հայաստանի պետական սահմաններում եւ դրանցից ներս: Այդ սահմանները Հայաստանն ինքը որոշել է եւ տեղորոշել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որն ընդունվել է 2010-ի մայիսին»:

Փաշինյանն ընթերցեց այդ օրենքից Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի սահմանների նկարագրությունը. «Համայնքը հյուսիսից Ա-Բ հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն): Շուռնուխ պետական սահման (Ադրբեջանի Հանրապետություն) Ա-Բ սահմանագիծը համընկնում է Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի հետ:

Ուզում եմ ընդգծել, որ չի նշվել, որ սահմանագիծը համընկնում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետության սահմանի հետ: Սրանք են այն իրողությունները, որոնք բերել են այսօրվա ստատուս քվոյին:

Ընդհանրապես Հայաստանի պետական սահմանների պահպանության մակարդակը պետք է բարձրացնել: Հարցը պետք է բաժանել երկու մասի՝ սահմանի պահպանություն եւ երկրի անվտանգության պահպանություն: Սահմանի պահպանությունը պետք է իրականացնեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ արդեն անվտանգային հարցերով, բնականաբար, մեր զինված ուժերը:

ՀՀ-ում արդեն սկսվել է Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ ծրագիր, որը մենք իրականացնում ենք ՌԴ-ի հետ: Մենք պետք է այդ ծրագրի իրականացման համատեքստում հաշվի նստենք այն բոլոր հետեւությունների հետ, որոնց հետ առերեսվել ենք պատերազմի ժամանակ: Այո, մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, այնպիսի բանակ, որը լինի արժանի դաշնակից եւ նաեւ ՀՀ անվտանգության եւ տարածքային ամբողջականության հիմնական երաշխավոր:

Երբ խոսում ենք դաշնակցային պարտվորությունների մասին, ոչ միայն մեր նկատմամբ կան պարտավորություններ, այլեւ մենք ունենք պարտավորություններ, որոնք պետք է կարողանանք կատարել»:

Վարչապետը խոսեց նաեւ Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակի մասին. «Շատ կարեւոր է, որ Սյունիքի սոցիալ-տնտեսական հարցերը նույնպես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Գիտեք, որ Սյունիքի հարցերով աշխատանքային խումբ է ստեղծվել, արդեն իսկ տեղի են ունենում առաջին ծրագրեր իրականացումը: Բնակարաններ են կառուցվում Շուռնուխ համայնքում: Անկախությունից ի վեր Շուռնուխում տուն չի կառուցվել: Սա շատ տխուր փաստ է:

Այս համատեքստում մեզ համար չափազանց կարեւոր էա դրադարձ կատարել, թե մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում ինչ բարեփոխումներ ունենք իրականացնելու, որպեսզի հասարակությունը համոզված լինի, որ ազգային հարստությունից պատշաճ չափաբաժին է ստանում, ոչ թե դա գտնվում է անձանց վերահսկողության տիրութում»,-ընդգծեց նա: