Աֆղանստանը և Պակիստանը Չինաստանի Ուրումչի քաղաքում Պեկինի միջնորդությամբ մեկ շաբաթ տևած ոչ պաշտոնական խորհրդակցություններից հետո փոխհամաձայնության են հասել տարաձայնությունների արագ լուծման անհրաժեշտության շուրջ և խոստացել են զերծ մնալ լարվածությունը սրող քայլերից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը:
«Ապրիլի 1-ից 7-ը Չինաստանի, Աֆղանստանի և Պակիստանի ներկայացուցիչներն Ուրումչիում անցկացրել են մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ: Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով լուծելու հարցում, ինչպես նաև պարտավորվել են չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման», - հայտնել է դիվանագետը:
Նա պարզաբանել է, որ բանակցություններին մասնակցել են միջգերատեսչական պատվիրակությունները, որոնք ներառում են դիվանագիտական գերատեսչությունների, պաշտպանական կառույցների և անվտանգության մարմինների ներկայացուցիչների: Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ «Ուրումչիի գործընթացի» մասնակիցները երկխոսությունը ճանաչել են որպես կուտակված խնդիրների լուծման միակ իրատեսական միջոցը:
Նա նշել է, որ խորհրդակցությունների ընթացքում պատվիրակությունները քննարկել են Աֆղանստան-Պակիստան հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղիները և որոշել են առաջնահերթ լուծում պահանջող հիմնական հարցերը: Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ Չինաստանը կշարունակի հարթակ տրամադրել երկխոսության համար և աջակցել տարածաշրջանում գործնական համագործակցության ամրապնդմանը։
Փետրվարի 26-ի երեկոյան Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են մարտերը։ Քաբուլը հայտարարել է, որ ռազմական գործողություն է իրականացնում՝ ի պատասխան Աֆղանստանի տարածքում վերջերս Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածների։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը դրանից հետո հայտարարել է, որ այժմ իր երկիրը և Աֆղանստանում թալիբների կառավարությունը գտնվում են բացահայտ զինված դիմակայության վիճակում:
Պակիստանն Աֆղանստանին մեղադրում է երկրի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնող զինված խմբավորումներին ապաստան տալու համար։



