Նիգերն «անհապաղ» խզում է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ, քանի որ Կիեւի վարչակարգը աջակցում է «ահաբեկչական խմբավորումներին», տեղեկացրել է հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ամադու Աբդրամանը։
Նրա խոսքով՝ Նիգերի իշխանությունների այս որոշումն ընդունվել է ուկրաինական ռազմական հետախուզության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի հայտարարությունից հետո, որ Կիեւն օգնել է Մալիի ամպստամբ տուարեգներին ռազմական գործողություն կազմակերպել «Վագներ» ՄՌԿ-ի վարձկանների դեմ։
Աբդրամանը ընդգծել է, որ Նիգերը խզում է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ ի նշան համերաշխության Մալիի կառավարության եւ ժողովրդի հետ։ Երկրի կառավարությունում նաեւ խոստացել են դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին «ուկրաինական ագրեսիայի եւ դրա հովանավորների» նկատմամբ վճիռ կայացնելու համար։
Մալիի իշխանությունները Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտարարել են օգոստոսի 5-ին, քանի որ Կիեւն աջակցում է ապստամբ տուարեգներին։ «Ուկրաինայի իշխանությունների գործողությունները խախտում են Մալիի ինքնիշխանությունը եւ ակնհայտ ագրեսիա են Մալիի հանդեպ եւ աջակցություն միջազգային ահաբեկչությանը»,- նշվել է երկրի կառավարության հայտարարությունում։
Մալիի իշխանություններն ընդգծել են, որ մինչ այդ չեզոք դիրք էին զբաղեցնում ռուս-ուկրաինական հակամարտության հարցում, բայց այժմ Կիեւի իշխանությունների գործողությունները համարում են «նացիստական եւ չարամիտ»։