Ադրբեջանը փորձում է «մեջտեղ գցել» գոյություն...

Հունիսի մեկին արցախաադրեբաջանական սահմանին հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ  հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Սիփան Սերժիկի Մելքոնյանը: 

Սկսվեցին քննարկումները, թե սահմանին կրկին լարված իրավիճակ է: Այս մասին Politik.am-ը զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ, ում խոսքով՝ ներկա պահին մեկնաբանությունները այնքան էական չեն, ինչքան կոնկրետ գործողությունները:

«Ադրբեջանը հայտարարեց, որ սահմանին զոհ է ունեցել՝ սպա, և հետո զոհ եղավ մեր սահմանին: Բավականին ժամանակ՝ մոտ մեկ տարի, փաստորեն, հանգիստ վիճակ էր: Ես կարծում եմ՝ ադրբեջանցիները որևէ կերպ չեն կարող լուծել խնդիրները: Չգիտեն՝ ինչ է նշանակում խաղաղասիրություն, բայց եղել են պայմանավորվածություններ, շփման գծում և հումանիտար ոլորտի որոշ հարցերում գործընթացներ էին քննարկվում, որոնք կարող էին իրականություն դառնալ, որևէ բան դեռ չկա»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ՝ օրերս տարածած հայտարարությանը, Մանվել Սարգսյանը նշեց.

«ԱԳՆ վերջին հայտարարությունում արդեն բավականին հստակ ընդգծվեց՝ շփման գծում՝ ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների: Այն հանգամանքը, որ ադրբեջանցիները հայտարարեցին, թե իրենց սպան սպանվել է հայկական կողմից, Արցախի ՊԲ-ն էլ հերքեց դա, ինքնին ակտուալ դարձրեց այդ խնդիրը. պետք է մեխանիզմների կիրառումը, որ նման խնդիրներ չլինեն: Սա, կարծում եմ, էական առաջարկ է, և Ադրբեջանը նույնպես պետք է իր պատասխանը տա, որովհետև Ադրբեջանի առաջ ևս հարցեր են դրվել: Դեռևս պարզ չէ՝ սրան ինչ կհաջորդի՝ կլինե՞ն հանդիպումներ, ինչ-որ կերպ կփվե՞ն, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մասին, թե հանդիպում է ունեցել Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, և դրան հաջորդած կարծիքներին, որ Ադրբեջանը փորձ կանի այդ համայնքը դարձնել Հայաստան-Ադրբեջան-Արցախ բանակցությունների 4-րդ կողմ (եթե, իհարկե, Արցախը դառնա բանակցային կողմ), քաղաքագետը այսպիսի կարծիք հայտնեց.«Դա ընդամենը Ադրբեջանի կողմից բարձրացրած խնդիր է, և, ըստ երևույթին, կախվել են ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ պահանջելով նման հայտարարություններ անել: Նման ձևական բնույթի հանդիպումներ անընդհատ են եղել ադրբեջանցի փախստականների հետ: Արցախում ադրբաջանական համայնք՝ որպես քաղաքական միավոր, գոյություն չունի: Հիմա, քանի որ Ադրբեջանի առջև խնդիր է դրվում, որ բանակցությունները պետք է լինեն միայն Արցախի Հանրապետության մասնակցությամբ, և այդ հարցին Ադրբեջանը որևէ հստակ պատասխան չի տալիս, թե ինչու է դեմ, նորից փորձում է շեղել, «մեջտեղ գցել» գոյություն չունեցող ինչ-որ գործոններ, որպեսզի Հայաստանին ստիպի հրաժարվել իր այդ որոշումից: Մինսկի խումբը ևս բարդ վիճակում է, որովհետև չունի պատասխանը՝ ինչու են փոխել բանակցությունների ֆորմատը և Արցախին հանել բանակցային գործընթացից, երբ չունեին դրա իրավունքը»,-ամփոփեց Մանվել Սարգսյանը:

Մարիամ Սարգսյան