Ադրբեջանում անհամբեր սպասում են Նարեկ Կարապետ...

Ադրբեջանական Haqqin.az-ը սրտատրոփ սպասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի կալանավորմանը: Կայքը գրում է. Նարեկ Կարապետյանին արգելվել է լքել Հայաստանը, սահմանվել է 1 միլիարդ դրամ գրավ, սակայն նա պետք է կալանավորվեր:

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանին, որը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է, արգելվել է լքել Հայաստանի Հանրապետությունը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է նաև 1 միլիարդ դրամի գրավ, որը համարժեք է մոտ 2,6 միլիոն ԱՄՆ դոլարի։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանի նկատմամբ նախաձեռնել էր հանրային քրեական հետապնդում։ Գործը կապված է այն քրեական վարույթի հետ, որի շրջանակում կալանավորված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի համախոհ Ալիկ Ալեքսանյանը։ Վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և ընտրողներին կաշառելու մեջ։

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներն ու քրեական հետապնդումը շարունակում են մնալ հանրային և քաղաքական լայն քննարկումների առարկա», - գրում է ադրբեջանական կայքը

Haqqin.az-ը նաև գրում է, որ կա հանրային պահանջ Նարեկ Կարապետյանին կալանավորելու: Խոսքը հավանաբար Ադրբեջանի հանրության մասին է: