Ադրբեջանցիները փորձում են կահավորել այն դիրքե...

Ադրբեջանական ուժերը ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարում են, բայց դրանք կանխվում են: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ ԱԺ-ում անդրադառնալով ՄԻՊ-ի ահազանգին, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կատարում են ինժեներական ակտիվ աշխատանքներ:

«Ի՞նչն է հերքում ՊՆ-ն և ինչո՞ւ է հերքում ՄԻՊ-ին: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն իրականացնում են ինժեներեկան աշխատանքներ»,- պաշտպանության փոխնախարաին հարցրեց «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը

Արման Սարգսյանն արձագանքեց՝ նշելով, որ ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ փորձեր չեն կատարվում: «Բնականաբար ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարվում են, բայց դրանք կանխվում են: Բնականաբար իրենք ամեն գնով ուզում են, որ այն վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ որոշակի առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,-ասաց Սարգսյանը: