Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն: Այս մասին ԱԺ-ում արցախահայերի սոցիալական և իրավական խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման տարբերակների մասին քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից իրականացված հետևողական ագրեսիայի և ցեղասպանական գործողությունների արդյունքում մեր հայրենակիցները՝ Արցախի բնակչությունը, ուղիղ գրեթե 3 տարի առաջ ենթարկվեց ցեղասպանական գործողության, բնիկ զտման, մեր 120,000 հայրենակիցները հարկադրված էին լքել իրենց հազարամյակների բնօրրանը և ապաստան գտնել հայրենիքում։ Բռնի տեղահանումը բնականաբար մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաշերտ խնդիրներ առաջացրեց, և թե Հայաստանի Հանրապետության Կառավարության, թե հասարակական կազմակերպությունների, և թե անհատների կողմից փորձ արվեց դրանց լուծումներ տալու։
Խնդիրների խումբը բազմաթիվ մեծ է, դրանք ծրագրեր են, որոնցով փորձ է արվում գոնե նվազագույն կարիքներ բավարարել ու ապահովել սոցիալական կայունությունը: Խնդիրների մեծ մասը, այնուամենայնիվ, շարունակում է լինել իբրև մարտահրավեր, դրանք շարունակական արժևորման, գնահատման անհրաժեշտություն ու կարիք ունեն։ Այդ խնդիրները այնքան լուրջ ու խորն են, որ կարծում եմ, ամենօրյա ուշադրության և լուծման անհրաժեշտություն ունեն»,- նշել է Գալստյանը:



