Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների...

Մենք կարծում ենք, որ Եվրոպական միության և եվրոպական երկրների հետ ընդհանուր մոտեցումներ ունենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցում։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների տրանսֆորմացիան փոփոխվող ռազմավարական իրադրությունում» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա հավելել է, որ Իրանի և Հայաստանի՝ երկու կարևոր ավանդական գործընկերների համար չափազանց կարևոր է կարողանալ փոխգործակցություն կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականության նոր վեկտորները։

Դեսպանը պարզաբանել է, որ խոսքը Հայաստանի իշխանությունների՝ դեպի Արևմուտք (Եվրոպական միությանն ու ԱՄՆ-ին մերձենալուն) ուղղված արտաքին քաղաքական կուրսի և դրան զուգահեռ Իրանի ու Հայաստանի միջև գործընկերության նախկին մակարդակը պահպանելու անհրաժեշտության մասին է։

«Սա բարդագույն խնդիր է, բայց այն իր մեջ պարունակում է նաև բազմաթիվ հնարավորություններ։ Թեև առաջին հայացքից իրավիճակը կարող է բարդ թվալ Իրանի և Հայաստանի համար, այն նաև լայն հեռանկարներ է բացում։ Հավատացած ենք, որ Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև առկա խոր վստահության շնորհիվ կկարողանանք ոչ միայն պահպանել համագործակցության ընթացիկ մակարդակը, այլև այն դուրս բերել որակապես նոր փուլ։ Մենք դիտարկում և ծրագրում ենք Իրանի ու Հայաստանի միջև ռազմավարական գործընկերություն, ինչպես նաև ձգտում ենք ինստիտուցիոնալացնել այդ գործընկերությունը»,- նշել է Շիրղոլամին։

Նա հավելել է, որ պատմականորեն այնպես է ստացվել, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը բախվել է բազմաթիվ մարտահրավերների, և նրան անհրաժեշտ են բազմամակարդակ մեխանիզմներ ու աշխարհի հետ կապի տարբեր ուղիներ, ինչպես նաև կապող հանգույցի իր դերն օգտագործելու հնարավորություն։ «Մենք հասկանում ենք այս իրավիճակը և Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը»,- ընդգծել է դիվանագետը։