Սեպտեմբերի 3-ին արտակարգ և խիստ վտանգավոր դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան 1 նրբանցքի թիվ 28 հասցեում գտնվող «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի կաթսայատան ծխատար են բարձրացել 2 աղջիկներ և նրանց իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Մխիթար Խուրշուդյանի, խմբի պետ Հովհաննես Ավետիսյանի, օղակի հրամանատար Վաչիկ Հովհաննիսյանի, ավագ հրշեջ-փրկարարներ Գևորգ Մարգարյանի, Հայկ Ավագյանի և Մհեր Միրզոյանի գլխավորությամբ։
Փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, մոտ 35 մետր բարձրություն ունեցող ծխատարից կարողացել են անվնաս իջեցնել աղջիկներին։
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բարեբախտաբար, բժիշկների կարիքը չի զգացվել։
Իսկ ծխատար աշտարակը կառուցվել է դեռ խորհրդային տարիներին և այն կիսավթարային է եղել ու կար վտանգ, որ հնարավոր է աղջիկներն ընկնեին, այդ թվում նաև փրկարարները, սակայն վերջիններիս պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր դրական արդյունքը. 22-ամյա Անահիտն ու 23-ամյա Տաթևը անվտանգ իջեցվեցին վտանգավոր ծխատարից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։