3 մլրդ 219 մլն դրամ` թոշակառուների ու նպաստառ...

Առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու համար պետական բյուջեով նախատեսված, ԱՍՀՆ-ին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 3 մլրդ 219 մլն դրամ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 25-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

«Հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 մլրդ 432 մլն դրամ, հետո ճշտվել է 13 մլրդ 152 մլն դրամ: Սակայն միտումները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 մլրդ 371 մլն դրամ: Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է: Արդեն ունենք մոտ 350 հազար շահառու, որոնք օգտվում են այս ծրագրից, և ունենք ամսական մոտավորապես 2-3 տոկոս աճ»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս պահի կարգավորումների համաձայն՝ հետվճարով վերադարձվում է գործարքների 12 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը, և որ հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը: