2020 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գրանցեց բեռնափոխադրումների որոշակի և ուղևորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Այսպիսով, անցած տարվի երկաթուղով փոխադրվել է 3 միլիոն 201 հազար տոննա բեռ, ինչը 0,4 տոկոսով պակաս է, քան 2019-ին, երբ բեռնափոխադրումների ծավալը կազմում էր 3 միլիոն 212,5 հազար տոննա:
Կրճատվել են երկաթուղային արտահանումն ու ներմուծումը. արտահանումը կազմել է 483,5 հազար տոննա (անկումը՝ 14,4%), ներմուծումը ՝ 695,0 հազար տոննա (անկումը՝ 15,0%): Բեռնափոխադրումների նվազումը արտահանման-ներմուծման հաղորդակցություններում մասամբ փոխհատուցվել է ներհանրապետական բեռնափոխադրումների աճով:
2020 թվականին տեղափոխվել է 304,6 հազար ուղևոր, ինչը 28,6 տոկոսով զիջում է 2019 թվականի ցուցանիշին: Ուղևորների թվի նվազման հիմնական պատճառն է անցած տարվա մարտից միջպետական ուղևորափոխադրումների դադարեցումը, որի արդյունքում միջազգային հաղորդակցությունում տեղափոխվել է ընդամենը 3,4 հազար ուղևոր: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին այս ցուցանիշը գերազանցել է 72,8 հազարը: Տեղական հաղորդակցոթյունում անցյալ տարի տեղափոխվել է 301,1 հազար ուղևոր:
Միևնույն ժամանակ, փոխադրումների գործընթացից ստացած ընկերության եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 6,2%-ով: