«Ես պատերազմում, Արցախյան ազատամարտում, ապրիլյան քառօրյայի ժամանակ կորցրել եմ իմ ավագ որդուն՝ Նորայր Հաջիյանին: Ապրիլի 4-ին է զոհվել երեկոյան Թալիշի դիրքերում, իսկ 20 թվականի հոկտեմբերի 6-ին կրսեր որդիս` Երվանդ Հաջիյանն է զոհվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց պատերազմում երկու որդիներին կորցրած Միքայել Հաջիյանը։
«Երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ զրկվեցի։ Ցավը, իհարկե, խորն է, ինչ-որ տեղ անտանելի, բայց որպես տղամարդ ես փորձում եմ դիմանալ, որովհետև թոռներ ունեմ հանուն նրանց: Հավատացեք, ես մարդկանց ներկայությամբ չեմ լացում, չեմ ողբում: Ընդհակառակը, ում հանդիպում եմ, անմիջապես ժպտում եմ, մարդիկ կարծում են, թե ես ժայռ եմ, չմտածելով, որ ես էլ իրենց նման միս ու արյուն եմ: Կսկիծը իմ մեջ եմ պահում, բայց իմ ժպիտով փորձում եմ մարդկանց ուրախություն պարգևել, ուրախություն նկարել նաև նրանց դեմքերին:
Տղաները կամավորականներ են եղել, աշխարհազորայիններ են եղել: Ավագ որդիս 16 տարեկանից, մենք դեռ Երևանում էինք այդ ժամանակ ապրում, 16 տարեկանից գնացել է լծվել ազատամարտին: Նա գնացել ու մինչև պատերազմի ավարտը մասնակցել է մարտերին տարբեր ջոկատների կազմում, ապա և պատերազմից հետո մի քանի ամսով դարձյալ իրենց ջոկատին ուղարկել են Թալիշի դիրքերը, որպեսզի նորակոչիկներին սովորեցնեն դիրքապահությունը ու նաև դիրքեր պահեն իրենք, իսկ ամեն լարվածության դեպքում նա համազգեստը միշտ էլ տանն էր պահում պահարանում կախված և հենց լարվածություն էր առաջանում, անմիջապես գնում, գրանցվում էր որպես աշխարհազորային ու առաջին գիծ մեկնում։ Որդիներիցս ոչ մեկն էլ ինձ նախապես չի զգուշացրել, թե գնում ենք կռվի»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։



