Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, հայտարարել է, որ հունիսի 2-ից սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է բուսասանիտարական վերահսկողության ընթացքում արձանագրված խախտումներով և ներմուծվող արտադրանքի անվտանգության հետ կապված մտահոգություններով։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ էր կիրառել նաև Հայաստանից ներկրվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Մասնավորապես, մայիսի 30-ից ուժի մեջ էին մտել թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման ժամանակավոր սահմանափակումները։
Ռուսական կողմը հայտարարել էր, որ հայկական արտադրանքի մատակարարումների ընթացքում արձանագրվել են բուսասանիտարական նորմերի խախտումների բազմաթիվ դեպքեր, իսկ իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերվել են ԵԱՏՄ երկրների համար կարանտինային համարվող օբյեկտներ։
Այս պահին հայկական կողմի պաշտոնական արձագանքը կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման սահմանափակման վերաբերյալ չի հրապարակվել։



