«Շաբաթը 50, 100, 150 կգ նանա էինք արտահանում Ռուսաստան, հիմա պիտի քաղենք, թափենք»։ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ Սարիբեկ Կիրակոսյանը NEWS.am-ի փոխանցմամբ՝ պատմում է Ռուսաստանի կիրառած սահմանափակումներից հետո ֆինանսական վնասներ են կրել․ ջերմոցներից մեկում անանուխ էին աճեցնում հենց արտահանման համար, վերջին օրերին արտահանումը կասեցվել է, տեղի շուկայում էլ այդքան անանուխ չի սպառվում։
Անանուխից բացի ջերմոցում նաև պղպեղ են աճեցնում։ Թեև իրենք պղպեղը չեն արտահանում, սակայն տեղի շուկայում սովորականից ցածր գնով են վաճառում, որովհետև Լարսից հետ ուղարկված մեծ քանակությամբ պղպեղը նույնպես հայկական շուկա է դուրս բերվել։
«Պղպեղը գոնե լավից–վատից առնում են տեղի շուկայում․ 300-400 դրամով տանում են։ Բայց դե մեր ծախսերը չի հանում, էդքան վարկ ենք վերցրել, ծախս ենք արել։ Հիմա նորից պիտի վարկ վերցնենք, մի բան ցանենք, տեսնենք ինչ ենք անում։ Անցյալ տարի էս սեզոնին 800-1000 դրամ էր բիբարը, հիմա շատ էժան ա»,–ասում է ջերմոցատերը։
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը, արգելել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև ծաղիկների ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։



