Լիբանանում կրակի դադարեցումն անբաժանելի է պատերազմի ավարտի մասին որևէ վերջնական համաձայնագրից, քանի որ իսրայելական ռեժիմն ուժեղացնում է հարձակումները Լիբանանի վրա՝ ի խախտումն ավելի վաղ ձեռք բերված հրադադարի։ Դրա մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Press TV-ն։
«Մեր տարածաշրջանը բախվում է սիոնիստական ռեժիմի կողմից անդադար պատերազմ հրահրելու հետ։ Դա վերաբերում է ոչ միայն այսօրվան կամ երեկվան։ Վերջին 80 տարիների ընթացքում սիոնիստական ռեժիմը, ԱՄՆ-ի աջակցությամբ, մշտական և անվերջ պատերազմ է մղում տարածաշրջանի երկրների դեմ»,- ասել է նա։
Նա նշել է, որ վերջին ամիսների իրադարձությունները ապրիլի 8-ի կրակի դադարեցման համաձայնագրի «ակնհայտ և բացահայտ խախտում են»։
«Մենք ընդգծել ենք և շարունակում ենք ընդգծել, որ Լիբանանում կրակի դադարեցումը ցանկացած հրադադարի և պատերազմի ավարտի մասին ցանկացած վերջնական համաձայնագրի անկապտելի մասն է»,- հավելել է Բաղային։
Նա հավելել է, որ ոչ միայն Իսրայելն է «խախտում կրակի դադարեցման ռեժիմը, Միացյալ Նահանգները ևս խախտումներ են թույլ տալիս մեր տարածաշրջանում նման լայն մասշտաբներով»։
Նա մատնանշել է նաև «իրանական առևտրային նավագնացության դեմ ծովային բանդիտիզմի և ագրեսիայի» շարունակությունը։
Իրանցի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ցանկացած նոր ագրեսիայի կտրվի շատ ավելի կործանարար պատասխան, քան նախկինում։
Բաղային կրկնել է, որ Իսլամական Հանրապետությունը ջանք չի խնայելու Լիբանանին և լիբանանյան դիմադրությանը օգնություն ցուցաբերելու համար՝ սիոնիստական ռեժիմի անօրինական ագրեսիայի պայմաններում։
«Որպես Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ մեզ պարտավորված ենք զգում ձեռնարկել ցանկացած հնարավոր գործողություն՝ օգնելու Լիբանանին և օգնելու Լիբանանում դիմադրությանը՝ ընդդեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիայի և անօրինական խախտումների»,- հայտարարել է նա։



