100 000 դոլար արժողությամբ նվե՞ր եղել է . ի՞ն...

Ամիսներ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը 2022 թվականին մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին և, իբր, նրան նվիրել է մոտ 100 հազար դոլար արժողությամբ նվեր։ Ինքը՝ Նարեկ Կարապետյանը, լրագրողների հետ զրույցում հաստատել էր իր մասնակցության փաստը, սակայն նվերի մասին հարցին պատասխանել էր. «Այո՛, ես ներկա եմ եղել Սուրեն Պապիկյանի հարսանիքին, դա աշխատանքային էր, բայց չեմ հիշում, թե ինչ նվեր եմ տարել»։

Նարեկ Կարապետյանը չափահաս, 36-ամյա, ինքնուրույն մարդ է, որը պարտավոր չէ ինձ հաշվետու լինել իր յուրաքանչյուր քայլի համար, սակայն ես լիովին հավանություն եմ տալիս և աջակցում եմ նրա ցանկացած գործողությանը։ Այս մասին մայիսի 26-ին, Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում, հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե, իբր, իր եղբորորդի Նարեկ Կարապետյանը հարսանիքի առթիվ թանկարժեք նվեր է մատուցել Հայաստանի պաշտպանության նախարարին։

Հետագայում թեման կարծես մոռացության մատնվեց, սակայն սոցիալական ցանցերում այն ստացավ հետաքրքիր շարունակություն։ Օգտատերերից մեկը ուսումնասիրել էր Սուրեն Պապիկյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը և պնդել, որ այնտեղ որևէ տեղեկություն չկա նման արժեքավոր նվերի մասին։

Հենց այստեղ է առաջանում կարևոր հարցը։ Նարեկ Կարապետյանը կարող է մեկ պարզ հայտարարությամբ վերջ դնել բոլոր շահարկումներին՝ հերքելով կամ հաստատելով 100 հազար դոլար արժողությամբ նվերի մասին պնդումը։ Եթե նման նվեր իրականում եղել է, ապա առաջանում է հարց՝ ինչո՞ւ այն չի արտացոլվել հայտարարագրում, և արդյոք այդ հանգամանքը իրավական գնահատականի կարիք չունի։ Եթե, ընդհակառակը, նման նվեր չի եղել, ապա դրա հրապարակային հերքումը կփակի այս թեման։ Երկու դեպքում էլ հենց Նարեկ Կարապետյանի խոսքը կարող է հստակեցնել իրավիճակը։ Իսկ եթե նա, լինելով իրավունքի և օրինականության մասին մշտապես խոսող  գործիչ, շարունակի լռել, ապա անխուսափելիորեն հարցեր կառաջանան, թե ինչու է նախընտրում չփարատել այս կասկածները և ինչն է այդ լռության պատճառը։