
Այսօր՝ ապրիլի 3-ին, ավոտվթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 51-ամյա Գագիկ Պ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց գյուղի վարչական տարածքում դեպի Վաղարշապատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Վարորդին, ով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները մինչև վիրավորին հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ, երեկ՝ ապրիլի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ նշանակված Արթուր Բդոյանը, ով վթարից հետո դեպքի վայրով անցնելիս է եղել:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհ» դեպարտամենտի աշխատակիցները, ովքեր սպասում են, մինչև քննչական գործողություններն ավարտվեն, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչների հետ կոտրված երկաթե էլեկտրասյունը փոխարինեն նորով: