Զորական գյուղում դաժան ծեծի հեղինակ տղաներից մեկը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը։
Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտներ՝ Մխիթար Բաբաջանյանը՝ 9-րդ դասարան, Հայկ Աղաջանյանը՝ 10-րդ դասարան, Հակոբ Գասպարյանը՝ 11-րդ դասարան և այլ հասակակից տղաներ խոշտանգել, ծեծել և նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող՝ Ա. Ջ.ին։ Տեղի ունեցածը նրանցից մեկը տեսանկարահանել է։ Ահասարսուռ տեսանյութը տարածվել է համացանցում։ Դրանից պարզ է դառնում, որ տղաների միջև ինչ-որ խնդիր է եղել, դրա մասին իմացել է պահակը։ Դրանից հետո մի քանի տղա քոլեջի սանին կանչել են, որ պատասխան տա, թե պահակը որտեղից է իմացել խնդրի մասին։
«Նրա որդին ոչ միայն ակտիվորեն ծեծում է հասակակցին, այլ նաև իր սպորտա-չեմպիոնական հմտություններն օգտագործում է մարզաձևից դուրս՝ կենցաղում: 14-15 տարեկան լինելով՝ նա ոչ միայն չի հարգում օրենքը, այլ նաև «տղավարի ռազբորկեք» տանում՝ ենթամշակութային պիտակավորումներ տալով մեկ այլ անչափահասի արարքին:
Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե հայրը պայքարում է (կամ ավելի ճիշտ՝ պետք է պայքարի ենթամշակույթի դեմ), այդ ինչ է խոսել տանը կամ ցույց տվել որդուն, որ երեխայի մոտ հակառակ միտումն է զարգացել, և ինչո՞ւ է երեխան իր ագրեսիան այդպես դրսևորում: Ավելին, քրեակատարողական ծառայողը ոչ միայն չի սաստել որդուն, այլ բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով սատարել և հաստատ պաշտպանել է որդուն: Այստեղից ծագում է հաջորդ տրամաբանական հարցը՝ արդյոք մեզ պետք են այդպիսի քրեակատարողական ծառայողներ, ովքեր դաստիարակում են ապագա հանցագործներ.... Ըստ իս՝ միանշանակ ոչ.....
ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատաճառելը մի խումբ անձանց կողմից՝ պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ: Պատասխանատվության ենթակա են ոչ միայն հարվածողներն ու հայհոյողները, այլ նաև նկարահանողը նույն տառապանքը պատճառելու համար:
Հ.Գ. Տեսանկութում կա հայհոյանք..... հայցում եմ դիտորդների ներողամտությունը, բայց դա այդ երեխաների ծնողների դեմքն է....
Հ.Գ.Գ. Արդեն մոտ 1 ամիս է նախաձեռնված է քրեական վարույթ, և հուսամ այն կհանգեցնի տրամաբանական ավարտին: Ավելին, սա կլինի դասավանդվող նյութ, թե ինչպես չպետք է իրեն պահի երիտասարդը, որ չենթարկվի պատասխանատվության»,- գրել է Դավիթ Թումասյանը։



