Զոհվածի մայրը երազ է տեսնում՝ որդին թաղված է...

44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանի դին ընտանիքը գտավ նրա զոհվելուց միայն 5 ամիս անց՝ նրա մոր տեսած երազի միջոցով: Կարենը դասվեց այն հերոսների շարքին, որոնք կռվեցին անձնվիրաբար՝ հանուն հայրենիքի պաշտպանության:

«Ամիսներ շարունակ, ինչպես հազարավոր մայրեր, Կարենի մայրը ևս փնտրում էր իր որդուն ու, ցավոք սրտի, չէր գտնում։ Վերջին ամիսներին Կարենի մայրն ու եղբոր դուստրը պարբերաբար նույն երազն էին տեսնում. նա զոհված և թաղված է Մարտունի 2-ի դիրքերից քիչ այն կողմ գտնվող ծառի տակ։ Կարմիր Խաչի միջնորդությամբ այդ տարածք կարողանում են մուտք գործել միայն մարտի 18-ին, քանի որ այն արդեն գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ: Խաղաղապահների հետ որոնողական աշխատանքների ժամանակ Կարենիս եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված դին։ Մարտի 27-ին արդեն գալիս է ԴՆԹ պատասխանը, այն դրական էր։ Զինակից ընկերներն են իր սաղավարտով Կարենին թաղել այդ ծառի տակ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված հերոսի հորաքույրը՝ Կարինե Կարապետյանը:

Հերոսի ընտանիքը մեծ է, նրանք 9 երեխա են, որոնցից երկուսը զոհվեցին: Կարենի ավագ եղբայրը զոհվել է 2014 թվականին ժամկետային զինծառայության ընթացքում, ինչպես հորաքույրն է նշում, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով. «Ցավոք, ընտանիքում կա արդեն 2-րդ զոհը՝ Կարենս: Ես իրեն ուրիշ ձև էի սիրում, ինքը իմ համար ուրիշ էր: Շատ բարի էր, ընկերասեր, մարդամոտ ու, որ ամենակարևորն է, դաստիարակված: Միշտ հարցնում էի՝ Կար ջան, ի՞նչ գնեմ քո համար, որտե՞ղ գնանք, դու մենակ ասա, բայց այնքան զուսպ երեխա էր, որ ասում էր՝ հո՛ք ջան, ապրես, բայց բան չեմ ուզում, ոչնչի կարիք չունեմ»,- արտասվելով պատմում է հորաքույրը:

Կարենը զինծառայության է զորակոչվել 2020 թվականի հունվարին Մարտունի 2-ում, նա շատ ոգևորված էր, որ պետք է ծառայի հայրենիքին: Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է դիրքերում. «Կարենս 31 օր շարունակ քաջաբար կռվել է, ամեն օր զանգահարում էր տուն, շատ բաձր տրամադրություն ուներ, ու միշտ խոսում էր ինձ հետ»,- ասաց հորաքույրը:

Ամբողջական այստեղ