Զոհված զինծառայողների ցուցակից հեռացրել է Նար...

Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակից հեռացրել է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը, քանի որ  ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

«Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները: Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը և Վաչագան Սարոյի Վարդանյանը։