«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները որեւէ կերպ չեն համակերպվում տեղական ինքնակառավարման մի քանի մարմիններում գրանցված պարտության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանի թեկուզ ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» կարգելու համար: Մեղրի համայնքում, օրինակ, դեռ հստակ չէ, թե ի վերջո ով է համայնքապետ ընտրվելու: «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններին ամենաշատ՝ 6 քվե է ստացել, բայց դա բավարար չէ, որ կարողանա ինքն իրենով համայնքապետ ընտրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է փորձում եղանակ փոխել, Մեղրիում մանդատներ ստացած «Հանրապետություն», «Ազատական» ու «Ապրելու երկիր» կուսակցություններին ասել է, թե 5 մանդատ ստացած ՔՊ-ին պետք է միանան ու օգնեն իշխանության թեկնածուին քաղաքապետ կարգել զուտ միայն այն պատճառով, որ այսօր իշխանության ղեկին ՔՊ-ն է, հետեւաբար իշխանությունն ինչպես ասի, այնպես պետք է շարժվեն: Կուսակցությունները, սակայն, բացասաբար են ընդունել Ավինյանի ասածն ու հակառակվել, թե նման տոնայնությամբ որեւէ առաջարկ չեն ընդունի:



