Ալիևը պատերազմի դուռը բաց է պահում

2024 թվականին Ադրբեջանում անցկացվեց COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը։ Հայաստանը չմասնակցեց այդ միջոցառմանը։ Ինչպես այն ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էր բացատրել, հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում առաջընթացի բացակայությունն էր։

Այդ համաժողովը նաև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից առաջ էր, և Բաքու հայկական պատվիրակության չմեկնելը միանգամայն հասկանալի էր՝ չկային ձեռք բերված պայմանավորվածություններ։

Այս օրերին Երևանում անցկացվում է COP17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Միջոցառմանը հրավիրված էր նաև Ադրբեջանը, սակայն ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցեց հոկտեմբերի 16-ին անցկացված բարձրաստիճան հավաքին։ Եվ սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է։

Վաշինգտոնում ստորագրվել է համատեղ հռչակագիր, Ալիևն ու Փաշինյանը հայտարարում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, սակայն Ադրբեջանի գործնական քայլերը առնվազն լուրջ հարցեր են առաջացնում այդ խաղաղության իրական բովանդակության վերաբերյալ։

Ադրբեջանի բացակայությունը հատկապես ուշագրավ է այն հանգամանքի ֆոնին, որ Թուրքիան Երևան է ուղարկել նախարարական մակարդակի պատվիրակություն։ Այսինքն՝ նույնիսկ Հայաստանի հետ փակ ցամաքային սահման ունեցող Թուրքիան պատրաստ է մասնակցել Երևանում անցկացվող միջազգային միջոցառմանը, իսկ Ադրբեջանը, որի հետ, ըստ Փաշինյանի, արդեն խաղաղություն է հաստատվել, նման քայլ չի անում։

Սա, իհարկե, առանձին վերցրած, դեռ պատերազմի նախապատրաստության ապացույց չէ։ Բայց երբ Բաքուն շարունակում է պահել հայ գերիներին, Հայաստանի հասցեին հնչեցնել կոշտ հայտարարություններ և խուսափում է անգամ միջազգային համաժողովի շրջանակում Երևան պաշտոնական ներկայացուցիչներ ուղարկելուց, դժվար է այդ ամենը համարել խաղաղության նկատմամբ վստահություն ներշնչող վարքագիծ։

Ստացվում է՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խոսել խաղաղության մասին, բայց դեռ պատրաստ չէ Հայաստանին վերաբերվել որպես մի պետության, որի մայրաքաղաք կարելի է այցելել սովորական միջազգային համագործակցության շրջանակում։

Եվ այստեղ առաջանում է շատ ավելի լուրջ հարց։ Եթե Ադրբեջանը չի հրաժարվել թշնամական հռետորաբանությունից, եթե հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, եթե նույնիսկ միջազգային համաժողովին մասնակցելու համար Երևան գալը խնդրահարույց է, ապա ի՞նչ հիմքով պետք է համոզվենք, որ Բաքուն վերջնականապես հրաժարվել է ռազմական ճանապարհով Հայաստանի նկատմամբ իր նպատակներին հասնելու հնարավորությունից։

Խաղաղությունը միայն ստորագրված հայտարարությունը չէ։ Խաղաղությունը նախևառաջ այն վարքագիծն է, որով պետությունը ցույց է տալիս, որ հարևանին այլևս չի դիտարկում որպես թշնամի։

Իսկ քանի դեռ Ադրբեջանը գործնականում չի փակում թշնամանքի դուռը, մենք իրավունք չունենք համարելու, որ նա վերջնականապես փակել է նաև պատերազմի դուռը։