Ընթերցողները թերեւս առիթ ունեցել են հեռուստատեսությամբ կամ համացանցով դիտելու, թե ինչպես են տեղի ունենում քվեարկությունը Հյուսիսային Կորեայում։ Ժամանակին այդ քվեարկությունները օգտագործվում էին, Հայաստանում՝ նախկին իշխանությունների դեմ արշավ իրականացնելու համար եւ Հանրապետականին Հյուսիսկորեական իշխող կուսակցության հետ համեմատելու համար։ Հատկապես ՀՀԿ վերջին համագումարի ընթացքում տեղի ունեցած քվեարկությունների մասով այսօրվա իշխանությունները, որոնք նախկինում ընդդիմադիրի դերի մեջ էին, ամենաթունոտ կերպով էին օգտագործում։
ԱԺ ամբիոնից էլ այն ժամանակվա ընդդիմադիր Փաշինյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է որ կայուն մեծամասնություն ունեցող հանրապետականը ուզած օրենքը կարող է անցկացնել ու հաշվի չառնել ոչ մեկին։
Այսօր սակայն «Իմ քայլի» պառլամենտական ֆրակցիան ԱԺ-ում հպարտ միայնության մեջ նույն կերպ ընտրեց ՍԴ երեք դատավորներին։ Հիշեցնենք, կայացած քվեարկության արդյունքները․ նախ քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, այսինքն՝ միայն «Իմ քայլը» դաշինքը: ՍԴ թեկնածուներից Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ մեկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3:
Իշխանափոխությունից հետո, սակայն «Քաղպայմանագրի» եւ այսօրվա «Իմ քայլի» շատ ներկայացուցիչներ խոսում էին այնպիսի վեհ ու վսեմ բաներից, ինչպիսիք է կուսակցական ներքին դեմոկրատիան, կուսակցական բազմակարծությունը եւ այն իրացնելու հնարավորությունը, նաեւ՝ ներքին ընդդիմություն ունենալու անհրաժեշտությունը։
Կյանքը սակայն եկավ ապացուցելու, որ այնպես, ինչպես այսօր գործում է իշխանությունը, նույնիսկ նախկինների համար կարող է «նորույթ» համարվել։ Կենտրոնաձիգ կուսակցական եւ քաղաքական թիմային իշխանություն, որը պտտվում է մի անձի շուրջ, իսկ քվեարկությունները հսկվում են իշխող ընտանիքին մոտ կանգնածների կողմից, որպեսզի հանկարծ «ըմբոստության» որեւէ նշույլ չնկատվի հանկարծ։



