Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի մասնակցությամբ նոյեմբերի 23-ին առցանց հանդիպում է անցկացվել Օմանի Սուլթանության «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի, Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի և պտուղբանջարեղեն արտադրող հայ տնտեսավարողների և թռչնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների միջև։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Օմանի Սուլթանության «LuLu» հիպերմարկետների ցանցի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման և հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր։
Մանրամասն անդրադարձ է կատարվել թարմ պտղի, սննդամթերքի և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ առկա պահանջարկին՝ քննարկելով ապրանքատեսակները, պահանջվող սորտերը, ամսական անհրաժեշտ քանակներն ու մատակարարման ծավալները, ինչպես նաև առանձին ապրանքատեսակների սեզոնային հասանելիությունն ու մատակարարման հնարավոր ժամկետները։
Անդրադարձ է կատարվել նաև արտադրանքի արտահանման և մատակարարման կազմակերպման մանրամասներին, այդ թվում՝ փաթեթավորման չափորոշիչներին, փոխադրման հնարավոր եղանակներին, ինչպես նաև անհրաժեշտ անասնաբուժասանիտարական և ֆիտոսանիտարական պահանջների ապահովմանն առնչվող հարցերին։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը, պահպանել գործարար կապերը և տեղեկատվության փոխանակման միջոցով մշակել հետագա համագործակցության գործնական ուղղությունները՝ նպաստելով հայկական արտադրանքի ներկայացվածությանը «LuLu» հիպերմարկետների ցանցում։



