«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայցով գործի էությունը դեռ չէր քննվել, երբ դատարանն արդեն սահմանափակել էր Էդմոն Մարուքյանի՝ իր միջոցները տնօրինելու հնարավորությունը։ Դատավոր Աննա Շիլաջյանը երեկ էլ որոշել է Փաշինյանին դատարան հրավիրել՝ լսելու, թե ինչ է զգացել վիրավորանքի պահին։
Հուլիսի 26-ին «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը հայտարարեց, որ իր գույքի և բանկային հաշիվների վրա արգելանք է դրվել Փաշինյանի պահանջած փոխհատուցման ամբողջ չափով՝ 6 մլն դրամի սահմաններում։
Վեճի առիթը Մարուքյանի՝ հունիսի 9-ին հրապարակած «Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին» վերնագրով տեսանյութն էր։ Հայցը դատարան է մուտքագրվել հուլիսի 9-ին, հաջորդ օրը մակագրվել Շիլաջյանին։ Փաշինյանը պահանջել է հրապարակային ներողություն, հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում։
Գործով երեկ նոր զարգացում է եղել նոյեմբերի 23-ին։ Շիլաջյանի նախագահությամբ դատարանը բավարարել է Մարուքյանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի միջնորդությունը՝ դատաքննության ընթացքում Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու մասին։
Դատական դեպարտամենտից՝ դատավորի աթոռին․
Իսկ ով է դատավորը։ Աննա Շիլաջյանը ծնվել է Գյումրիում, ավարտել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։ Մինչև դատավոր նշանակվելը նա աշխատել է Արդարադատության խորհրդի աշխատակազմում և Դատական դեպարտամենտում։ Վերջին պաշտոնը դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ 2023 թվականի մայիսի 2-ին ԲԴԽ-ն Կարեն Անդրեասյանի նախագահությամբ դռնփակ նիստում որոշել է Շիլաջյանի թեկնածությունն առաջարկել Հանրապետության նախագահին։ Նշանակման հրամանագիրը ստորագրվել է մայիսի 8-ին, իսկ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված ամսաթիվը հունիսի 6-ն է։



