Զելենսկին Կիրկորովին, Լորակին, Կրուտոյին և այ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկինում ընդունած որոշումը՝ փաստաթղթում որպես «Ուկրաինայի դավաճաններ» անվանված մի շարք անձանց պետական պարգևներից զրկելու մասին, գրում է svoboda.org-ը։

Այս մասին հայտարարել է ինքը՝ Զելենսկին՝ նշելով, որ ցուցակում կա 34 մարդ՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանց թվում են նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, հետախուզական ծառայությունների ղեկավարներ, արվեստագետներ և մշակույթի այլ գործիչներ։ Ցուցակից 10 հոգու նկատմամբ սահմանվել են նաև ամենաբարձր մակարդակի անձնական պատժամիջոցներ։

Ռուսաստանցի երգիչներ Նիկոլայ Բասկովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Մալինինը, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը զրկվել են Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումից, երգչուհիներ Անի Լորակը և Թաիսյա Պովալիին՝ վաստակավոր արտիստի կոչումից։ Ուկրաինայի իշխանությունները նրանց բոլորին մեղադրում են ռուսական ագրեսիային աջակցելու համար։

Բացի այդ, պետական պարգևներից են զրկվել Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը, նախկին պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկը, կրթության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, նախկին պատգամավոր Անդրեյ Դերկաչը։