Զելենսկին հայտնել է Ռուսաստանի դեմ պատերազմու...

Ուկրաինայի իշխանություններն ավարտում են «հաղթանակի պլանի» պատրաստումը եւ այն ներկայացնելու են արեւմտյան դաշնակիցներին հաջորդ շաբաթ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինային անհրաժեշտ քայլերը արդեն հստակ որոշված են։ Այն, ինչը կարող է մեզ առավելագույն ուժեղ դիրքեր տալ իրական, արդար խաղաղության հասնելու համար։ Ավելի քան 90 տոկոսով որոշված է»,- ասել է Զելենսկին ուկրաինացի քաղաքացիներին հղած երեկոյան տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ պլանը ներառում է տարբեր ուղղություններ՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական։ Յուրաքանչյուրը պարունակում է հստակ կետեր։ «Ոչ մի անհնար բան դրանցում չկա»,- ընդգծել է Զելենսկին։ Նա նշել է, որ յուրաքանչյուր ուղղության համար պատասխանաու կլինեն «կարեւոր մարդիկ»։

Զելենսկին խոստացել է մշակել «պատերազմն ավարտելու մանրամասն պլան ամռան վերջին։ Այն ժամանակ նա ասում էր, որ փաստաթուղթը կներկայացվի «խաղաղության երկրորդ գագաթաժողովում», որը նախատեսված է նոյեմբերին։

Դրանից հետո Զելենսկին արեւմտյան դաշնակիցներին կոչ է արել պատերազմն ավարտել մինչեւ ձմռան սկիզբ եւ վերականգնել «հուսալի միջազգային անվտանգային կարգ»։ Կիեւը ԱՄՆ-ից խնդրել է թույլ տալ հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում։

Զելենսկին ընդգծել է, որ արեւմտյան հրթիռների օգնությամբ Ուկրաինան մտադիր է գրոհել ռազմակայանները, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքը։ Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղ բանակցությունների պարտադրելը կարող է միայն զայրույթ եւ դժգոհություն առաջացնել ռուսաստանցիների մոտ։

«Եթե ռուսաստանցիները վտանգի մեջ հայտնվեն, եթե նրանք զրկվեն հարմարավետ կյանքից, եթե նրանք ստիպված լինեն ապրել առանց էլեկտրաէներգիայի, ինչպես մեր մարդիկ, նրանք կհասկանան պատերազմի գինը եւ դժգոհ կլինեն։ Այդ ժամանակ նրանք կսկսեն ճնշում գործադրել Պուտինի վրա»,- նշել է Զելենսկին։ Նա ավելացրել է, որ այդ դեպքում Արեւմուտքը կտեսնի՝ ՌԴ նախագահը «կնստի ու բանակցություններ կսկսի»։