Զբոսաշրջիկ ամուսինները

Արդեն մի քանի օր է՝ շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Վիետնամ և Սինգապուր։ Հայաստանի վարչապետի այս այցի ընթացքում կարևոր փաստատթղթեր չստորագրվեցին, կամ, գոնե, հասարակությունը չտեղեկացավ այդ մասին։ Պաշտոնական լրահոսից միայն տեղեկացանք, որ Հայաստանի և Սինգապուրի վարչապետների ներկայաությամբ ստորագրվել են հայ-սինգապուրյան մի քանի փաստաթղթեր։ Բայց թե ի՞նչ փաստաթղթեր էին և ի՞նչ կարևորություն էին ներկայացնում Հայաստանի համար, հանրությունն այդպես էլ անտեղյակ մնաց։

Վարչապետ Փաշինյանի՝ Վիետնամ և Սինգապուր կատարած այցերից ամենանշանավոր բանը, որը ամենայն մանրամասնությամբ տարածեցին իշխանական լրատվամիջոցները, վարչապետի և նրա տիկնոջ պատվին իրենց անունով անվանակոչված խոլորձի նոր տեսակների մասին լուրն էր։  Իրենց ֆեյսբուքյան էջերում այս մասին շտապեցին ավետել Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը։

Ընդհանրապես, գործադիրի ղեկավարի և նրա կնոջ վերջին մեկ տարվա արտասահմանյան այցերը ավելի շատ նման են տուրիստական այցերի։ Նրանք հետաքրքրասեր տուրիստենրի նման կիսվում են ամեն նոր բանով, ինչին ծանոթանում են հյուրընկալող երկրում՝ «պեկինյան բադ», «խոլորձ», շքեղ հյուրանոցներ, հետաքրքիր զվարճություններ։

Այս այցերն, իհարկե, քննադատության առիթ չէին հանդիսանա, եթե դրանք իրապես ազդեցիկ փոփոխությունների և նոր  ներդրումներ հիմք դառնային։ Տպավորություն է, որ իշխանական ընտանիքը բավարարում է իր հետաքրքրությունները պետական բյուջեյի հաշվին։ Նրանք փորձում են բացահայտել բոլոր այն երկրները, որոնք նախկինում անծանոթ են եղել, քանի դեռ հնարավորություն ունեն դա անել ոչ իրենց հաշվին։