Այս բյուջեով մենք ավելի ենք մոտենում մեր նպատակներին՝ կրթված, առողջ, ուժեղ հասարակությամբ, տնտեսապես զարգացող և խաղաղ պետություն ունենալու մեր հարյուրամյա, եթե ոչ հազարամյա երազանքին։ Երեկ և այսօր բազմիցս հնչեց այն միտքը, որ սա խաղաղության բյուջե է։ Իրապես, մենք այժմ գտնվում ենք պատմական հանգրվանում, սիրելի հայրենակիցներ, երբ հայ ժողովուրդը այլևս կանգնած չէ գոյաբանական խնդրի առաջ։ Հայ ժողովուրդն այսօր ունի իր ամուր պետությունը և կարող է իր միտքն ու ներուժը կենտրոնացնել սեփական հայրենիքի և պետության զարգացման վրա,- Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ այսօր քաղաքացին կարող է տեսնել և գնահատել պետության կատարած աշխատանքը․
«Մենք կարող ենք տեսնել և քննարկել բյուջեն, երթևեկել մեր կառուցած ճանապարհներով, հաճախել ժամանակակից դպրոցներ ու մանկապարտեզներ, ունենալ գեղեցիկ և խնամված բնություն, զգալ մեզ անվտանգ մեր երկրում, պաշտպանվել արտաքին վտանգներից։ Եվ այս բոլոր «կարող ենք»-ներին կարելի է ավելացնել ևս շատ օրինակներ։ Բայց ամենակարևորն այն է, որ այս ամենի հեղինակը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է»։
Արթուր Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ կրթությունը մեր հասարակության զարգացման հիմնաքարն է․
«Մեր հասարակության կրթվածությամբ է, որ մենք պետք է փակենք և փակելու ենք 2018 թվականից առաջ հայ ժողովրդի մեջ արմատացած բազմաթիվ արատավոր երևույթներ։ Զարգացած հասարակությունը չի կարող հանդուրժել ռոբերտքոչարյաններ և սերժսարգսյաններ»։
Մանրամասները՝ տեսանյութում



