Ըստ Բաքվի՝ հայկական ուժերը պետք է դուրս բերվե...

Հադրութի շրջանում իրավիճակի սրման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած եռակողմ հայտարարության դրույթները։ Այս մասին գրում է ռուսական Коммерсант թերթը։

Պարբերականը հիշեցնում է դեկտեմբերի 11-12-ին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում ռազմական գործողությունների վերսկսման մասին և նշում է, որ մարտերը հնարավոր է եղել դադարեցնել միայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ, որից հետո ՌԴ Պաշտպանության նախարարությունը թարմացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզը. եթե նախկինում նշված երկու գյուղերը մտնում էին խաղաղապահների վերահսկողության գոտու մեջ, դեկտեմբերի 13-ի քարտեզում դրանք արդեն նշվում են որպես ադրբեջանական տարածքներ։ Վեճը լուծվել է՝ ի օգուտ ադրբեջանական կողմի։

«Խաղաղապահների նոր քարտեզում այդ տարածքները ներկայացված են որպես ադրբեջանական, ավելին, «պայմանական նշումներ» բաժնում նոր գիծ է ավելացել, որով տարանջատվում է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտին։ Այս նորամուծությունը կարող է նշանակել, որ ռուս խաղաղապահներն իրավունք չունեն իրենց ազդեցությունը տարածել այդ գոտուց դուրս ընկած տարածքներում», – գրում է պարբերականը։

Ըստ Комерсант-ի՝ Բաքուն պնդում է, թե հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից։ Որպես հիմնավորում Ադրբեջանում մեջբերում են եռակողմ հայտարարության չորրորդ կետը, ըստ որի՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։

«Հիմա մենք տեսնում ենք, որ խաղաղապահները ողջ ծավալով արդեն տեղակայվել են, բացվել է հիվանդանոց և միջկառավարական մարդասիրական կենտրոն, բայց զինված անձինք՝ հայերը, դեռ մնում են։ Մեր կարծիքով, նրանք սպառնալիք են ստեղծում ոչ միայն ադրբեջանցիների, այլ, առաջին հերթին, ռուս խաղաղապահների համար», – թերթին ասել է ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային ակումբի փորձագետ Ֆարհադ Մամադովը։

Ըստ լրատվամիջոցի՝ Երևանում և Ստեփանակերտում այլ կերպ են մեկնաբանում համաձայնության տեքստը։

«Հայ պաշտոնյաները հրաժարվում են այս թեմայով բաց խոսել, սակայն զրույցներում՝ անանուն մնալու պայմանով, ակնարկում են, որ, իրենց կարծիքով, հայտարարության չորրորդ կետը վերաբերում է միայն Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջաններին, որոնք հանձնվել են Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի մնացած տարածքին, որը Խորհրդային ժամանակաշրջանում մտել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ, ապա, ըստ Коммерсант-ի զրուցակիցների, այս տարածքում պետք է գործի հայտարարության մեկ այլ դրույթ՝ առաջինը։ Դրանում ասվում է, որ հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 10-ի կեսգիշերից, «Հայաստանն ու Ադրբեջանը կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում», ուստի, Հադրութի շրջանում ընկած այդ գյուղերը պետք է մնան հայկական ուժերի և կամավորների վերահսկողության տակ», – գրում է Коммерсант-ը՝ հղում անելով իր հայկական աղբյուրներին։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան թերթին հավաստիացրել է, որ հայկական կողմի այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։

«Հայտարարության տեքստը ռուսերենով է, և այնտեղ ամեն ինչ հստակ գրված է։ Այն, ինչ Ձեզ ասում են հայերը, ընդամենը մեկնաբանություն է, իսկ մենք հղում ենք անում բուն տեքստին», – Коммерсант-ին ասել է Լեյլա Աբդուլաևան։

Լրատվամիջոցը մեջբերում է նաև հայ քաղաքագետ Վիգեն Հակոբյանի խոսքերը, ում կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն այս որոշմանը կախված է նրանից, թե որքանով է դա անակնկալ եղել։