Այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակչները՝ պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի խնդիրը:
Բնակիչներն ընդգծում են, որ կառավարությունը կադրային քաղաքականության մեջ սխալներ է արել, օրինակ՝ քաղաքագիտության ամբիոնն ավարտածին նշանակել են մարզպետ, ինքն էլ չգիտի՝ ինչպես կառավարել:
«Եկեք Քաղցրաշեն համայնք, նկարեք, մտցրեք սրանց աչքը: Սրանք չեն հասկանում: Ընենց են անում սրանք, որ հանրապետականին երանի տանք: Մենք Նիկոլի դեմ բան չունենք, իրա դրած մարդիկ ինադու են անում, որ էս մարդուն վարկաբեկենք:
Անցած տարի ամբողջ ձմեռ ստեղ քնանք, սոված-ծարավ հեղափոխություն արինք, որ էս օրն ընկնե՞նք: Մեր խնդրի լուծումը կարա տա մենակ Փաշինյանը, էս մարդկանց կարգի հրավիրի, ձգի:
Մարդկանց փողոցից բերին, դրին պաշտոնի, չգիտեն՝ ինչ անեն: Էդ գյուղատնտեսական մարզում էդ մարդուն դրել ա մարզպետ, որ ինչ անի»,-դժգոհում է բնակիչներից մեկը:
Քաղցրաշենցիները պահանջում են վարչապետի հետ հանդիպում՝ նշելով, թե մյուսներն իրենց հստակ պատասխան չեն տալիս:
Նրանք նաև նշում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները գալիս, ասում են՝ պայմանագիր չունեք, ջուր չենք տալիս: Մինչդեռ բնակիչները հակադարձում են, որ եթե պայմանագիր չունեին, ապա այսքան ժամանակ ինչո՞ւ էին ջուր տալիս իրենց:



