Ընդդիմությունը պետք է հեռու մնա կեղծ կառուցող...

8-րդ գումարման Ազգային Ժողովի աշխատանքները երկու շաբաթ է ինչ շարունակվում են։ Այս ընթացքում ընդդիմադիր խմբակցությունները և մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ։ Փաշինյանի թիմի համար այլևս ավարտվել են հանգիստ ժամանակները և հիմա իրենք ստիպած են, անգամ, ամենափոքր հարցի մասին մտածել ու բացատրություններ տալ ընդդիմությանը, հետևաբար հանրությանը։ Սրա լավագույն  ապացույցն այն էր, որ ԱԺ ղեկավար կազմի ընտրությունը ձգվեց ավելի քան 10 օր։ 

Այս ֆոնին անհասկանալի են այն պնդումները, ըստ որոնց, ընդդիմադիր խմբակցությունները կառուցողական չեն տրամադրված և լարվածության մեջ են պահում խորհրդարանն ու հանրությանը։ Այն, որ նման պնդումներ են անում իշխանությունները՝ հասկանալի է, քանի որ իրենց կյանքն արդեն դժոխքի է վերածվել, բայց  անհասկանալի է, որ նման պնդումներ են անում և ընդդիմադիրների հասցեին մեղադրանքներ են հնչեցնում ընդդիմադիր հանդես եկեղ մի շարք գործիչներ, ովքեր չեն անցել խորհրդարան։

Նման պնդումներ անողներին պետք է հիշեցնել, որ մենք այս իշխանության օրոք պարտվել ենք պատերազմում և ավելի քան 400 հազար քաղաքացի քվեարկել է ընդդիմադիր ուժերին, որպեսզի նրանք գնան Ազգային Ժողով ոչ թե պարտություն բերած իշխանությունների հետ կառուցողական աշխատելու, այլ Փաշինյանին և իր թիմին իշխանությունից հեռացնելու։

Այո, այս փուլում չի ստացվել հավաքել անհրաժեշտ ձայներ, որպեսզի Փաշինյանը նորից վարչապետ չդառնար, բայց պայքարը չի ավարտվել ու բնական է, որ ընդդիմադիրները խորհրդարանում պետք է շարունակեն թուլացնել և վերջնարդյունքում հեռացնել այս իշխանություններին։ Անտրամաբանական կլիներ հակառակ պատկերը։

Չի կարող լինել համաձայնություն պետությունը պարտության տարած և այդ պարտության հետ չհամակերպվողների միջև։ Այս առումով ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց փայլուն են դրսևորում։  Խորհրդարանական ընդդիմությանը կառուցողականության կոչ անող ուժերը և անհատները լավ կանեն վերլուծեն ու հասկանան, թե իրենք ինչու չկարողացան անցել խորհրդարան, գուցե՞ պատճառը իրենց սուտ կառուցողականությունն է։