«Միասնության թևեր» կուսակցությունը քարոզարշավ...

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 19-ին այցելել են Վաղարշապատ։

Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը թիմակիցների հետ շրջել է Վաղարշապատի կենտրոնում, շփվել քաղաքացիների հետ, ծանոթացրել իրենց կուսակցության նախընտրական ծրագրերին։  

Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը նշել է, որ առաջիկա ընտրությունները պատմական նշանակություն ունեն։

Նա կոչ է արել բոլորին գնալ ընտրատեղամասեր և առանց վախի իրենց ձայնը տալ նախընտրած թեկնածուին։

«Քվեախցիկում այդ պահին ամբողջ իշխանությունը պատկանում է ձեզ։ Ոչ ոք չի կարողանա վերահսկել, թե ում եք դուք ձեր ձայնը տալիս»,-նշել է Թաթոյանը։

Նա քաղաքացիների հետ խոսել է նաև փոքր և միջին բիզնեսի վերաբերյալ իրենց քաղաքական ուժի ծրագրերի մասին՝ կարևորելով հարկային ճիշտ քաղաքականության իրականացումը։

«Ճիշտ քաղաքականությունն է բերելու արդար հարկման համակարգին»,-ասել է Թաթոյանը։

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։