Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ կղզի պետության դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողության դեպքում կարող է տեղի ունենալ «արյունալի կոտորած»։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Կուբան որևէ սպառնալիք չի ներկայացնում և որևէ ագրեսիվ պլան կամ մտադրություն չունի որևէ երկրի դեմ։ Նա ոչինչ չունի Միացյալ Նահանգների դեմ և երբեք էլ չի ունեցել», - գրել է նա:
Դիաս-Կանելը նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն իրագործի Կուբայի նկատմամբ ռազմական գործողությունների իր սպառնալիքները, ապա դա «կհրահրի արյունալի կոտորած՝ իր հետևանքներով, որոնք անհնար է գնահատել»։ Նրա խոսքով, նման գործողությունն «ավերիչ ազդեցություն» կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա։
Ավելի ուշ արված մեկ այլ գրառման մեջ Կուբայի նախագահն ԱՄՆ-ի կողմից Կուբա վառելիք մատակարարման արգելքը որակել է ցեղասպանություն։
Իր հերթին POLITICO-ն, հղում անելով աղբյուրի, գրել է, որ ԱՄՆ վարչակազմը սկսել է քննարկել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը, քանի որ պատժամիջոցները և վառելիքի մատակարարման արգելքը երկրում բարեփոխումների չեն հանգեցրել։
Մայրաքաղաք Հավանան, ինչպես և ամբողջ Կուբան, երկար ժամանակ գտնվում են էներգետիկ խոր ճգնաժամի պայմաններում։ Երկրի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի անջատումները հասնում են 20-24 ժամի։ Ամեն օր հոսանքազրկված է մնում կղզու տարածքի 40-60%-ը։



