Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլը խոստանում էր մեր...

Այսօր կառավարության դիմաց Հյուսիսային պողոտայի ու Բուզանդի նախկին բնակիչները իրականացնում էին տարիներ շարունակվող բողոքի ակցիան՝ հույսով, որ կառավարությունից գոնե մի արձագանք կստանան: «Մենք չգիտենք՝ ինչ անել: Արդեն 16 տարի պայքարում ենք: 16 տարում 7 ընտանիքի հարցը դժվա՞ր է լուծել»,-ասում են նրանք: 

«Մենք վարչապետին դիմում էինք գրել՝ ակնկալիքով, որ վարչապետը մի պատասխան կտա: Մեր դիմումն ուղարկել են քաղաքապետարան, իսկ որ գնում ենք քաղաքապետարան, ասում են՝ մեր գործը չի: Բա եթե իրենց գործը չի, ինչու՞ եք վերցնում դիմումը: Վերջապես էս աշխարհում ով է մեզ տեր լինելու»,-Politik.am-ի հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնում Տերյան 18 հասցեի նախկին բնակչուհի Ժենյա Պողոսյանը՝ ավելացնելով.-քանի կար, Սերժից էին բաղոքում, որ մեզ տեր չի կանգնում: Վարչապետը խոստացավ, որ ժողովրդի համար չտեսնված լավ է լինելու, մենք մեծ հույսով իրեն ընտրեցինք, հիմա դուրս է գալիս, որ ընդհանրապես չի ուզում մեր անունը լսել: Բայց երբ Նիկոլն ընդդիմադիր պատգամավոր էր, խոստանում էր, որ մեր գործին մի ընթացք կտա, մեր ձայնն ԱԺ-ում կբարձրացնի, բայց հիմա դարձավ վարչապետ, մոռացավ»:

Բնակիչները, մեկ ամսից ավել է, դիմել են նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ասում են՝ ոչ մի պատասխան չկա, նույնիսկ ձայն չի հանում:

Քաղաքացիները դժգոհում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքից.«Հայկ Մարությանը ոչ մի անգամ չի ընդունել մեզ. նույնիսկ Տարոն Մարգարյանն է երկու անգամ իր աշխատասենյակում, բայց ինքը՝ ոչ: Դա էլ մեր Հայկ Մարությանը: Մտածում էինք՝ հանրապետականից պրծանք, բայց հանրապետականի ձևափոխված տեսակը եկավ»,-նշում է Պողոսյանը:

Բնակիչներն ասում են՝ այնքան են շարունակելու պայքարը, մինչև գոնե մի պատասխան ստանան: