Ղազինյանը Մոնղոլիայի պատվո հյուպատո՞ս․ ի՞նչ է...

Այսօր ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը և վերադառնում է փաստաբանական համայնք։ Վարդևանյանն իր հայտարարությամբ կարծես անպատասխան հարցեր չէր թողել, ավելին վստահեցրել էր, որ այս իշխանությունների հեռացման գործում շարունակում է տեսնել իր անելիքը։ 

Արդեն օրվա ավարտին, ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր դրած Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է լուսանկար Վարդևանյանի հետ և գրում․ «Պայմանավորվում էինք . . .»:

Ղազինյանն իր այս գրառմամբ ըստ էության փորձում է ստեղծել տպավորություն, թե Վարդևանյանի ԱԺ-ից հեռանալը կապ ունի իր հեռանալու հետ և դա նախապես նրանք միասին քննարկել են։ Այսպես է հասկացվում հատկապես մեկնաբանությունների բաժնում իր դիտարկումներից։

Իհարկե հենց այս օրով հիշատակված լուսանկարի հրապարակումը «Պայմանավորվում էինք . . .» վերտառությամբ հրապարակելը բազմաթիվ ենթադրությունների տեղիք կարող է տալ և հաստատ կտա և քանի որ պարոն Ղազինյանը չի ասել, թե ինչ էին «պայմանավորվում» փորձենք մենք տարբերակներ գտնել։

Շաբաթներ առաջ լրատվամիջոցները գրել էին, որ Արթուր Ղազինյանի գործունեությամբ հետաքրքված են տարբեր դեսպանատներ, այդ թվում Մոնղոլիայի դեսպանատունը։ Սա հաշվի առնելով կարելի է ենթադրել, որ պարոն Ղազինյանը կարող էր փորձել Արամ Վարդևանյանի հետ պայմանավորվել՝  հեռանալ ԱԺ-ից ու կպնել հայ-մոնղոլական դարավոր բարեկամության ամրապնդման գործին ու եթե գործը գլուխ գա, ինքը կդառնա Հայաստանում Մոնղոլիայի պատվո հյուպատոս։ Սա իսկապես իրատեսական վարկած է, հատկապես եթե հաշվի առնենք պարոն Ղազինյանի վաստակը հայ-մոնղոլական հարաբերությունների մերձեցման գործում։

Մեկ այլ տարբերակով պարոն Ղազինյանը կարող էր Արամ Վարդևանյանից հետաքրքրված լինել, թե որտեղ կարող է Lande Cruser 300-ի «ամորտիզատոր»  գտնել, որին հնչել է Վարդևանյանի զարմացած պատասխանը, որ ինքը այդպիսի հարցերով չի զբաղվում։

Կարճ ասած բազմանշանակ «Պայմանավորվում էինք . . .»-ը կարող է շատ ենթադրությունների տեղիք տալ, ուտսի լավ կլինի հրապարակային քաղաքականությամբ զբաղվող Ղազինյանն ինքը բացի իր գրառումը, հակառակ պարագայում մոնղոլները կարող են այս ենթադրությունները լուրջ ընկալել ու առաջարկ անել Արթուր Ղազինյանին։