
Ղազախստանն սկսել է պահել Եվրոպայից ապրանքներ տեղափոխող ռուսական բեռնատարները՝ փոխադրողներին չհիմնավորված պահանջներ ներկայացնելով, գրել է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով Ավտոփոխադրողների միջազգային ասոցիացիային եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը։
Ասոցիացիայի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմին հայտնի է ԵՄ-ից ապրանքներ տեղափոխող ռուսական բեռնատարները բաց չթողնելու առնվազն ութ դեպքի մասին, բայց Ղազախստանում պահվող բեռնատարների ստույգ թիվը հնարավոր չէ նշել։
«Դրանց մի մասը կանգնած է խախտումներ կատարողների կայանատեղիում, որտեղ յուրաքանչյուր օր մնալը թանկ արժե։ Մյուսները մնացել են մաքսային տերմինալներում։ Որոշ բեռնատարներ կանգնած են հենց ճանապարհին։ Վարորդների բոլոր փաստաթղթերը վերցրել են, եւ նրանք ոչ մի տեղ գնալ չեն կարող»,- լրագրողները մեջբերել են ասոցիացիայի աշխատակցի խոսքերը։
«Նախարարության տվյալներով՝ Ղազախստանի իշխանությունները սկսել են ռուս վարորդներից պահանջել բեռների փոխադրումը թույլատրող փաստաթղթեր, որոնք տրվել են ոչ թե հայրենական, այլ նախորդ ավտոփոխադրողին, այսինքն՝ ԵՄ ընկերությանը, նրան, որն այդ նույն ապրանքները բերել էր Եվրամիությունով մինչեւ Բելառուս կամ Ռուսաստան։ Բայց այդ կառույցները փաստաթղթերը միմյանց չեն փոխանցում, իսկ նոր կանոնը հակասում է միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության համաձայնագրի դրույթներին»,- նշել է պարբերականը։
Ավտոփոխադրողների միջազգային ասոցիացիան խորհուրդ է տվել ռուսական ընկերություններին խուսափել Ղազախստանով փոխադրումներից՝ մինչեւ վիճելի իրավիճակի կարգավորումը։