Հայաստանի կառավարությունը կարող է չեղարկել Ռուսաստանի հետ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման վերաբերյալ պայմանագիրը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Infocom հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է Коммерсантъ-ը։
«Կառավարությունն ունի գործիքակազմ, ավելին՝ հիմնավորում կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու համար։ Երբ ժամանակը գա, մենք այդ մասին կասենք։ Եթե այսօր քաղաքական որոշում կայացնենք կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու մասին, դրա համար իրավական հիմքեր կան»,- ասել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը նշել է, որ երկաթուղու հարցում չի պատրաստվում կիրառել «վերջնագրերի լեզու»։ Նա առաջարկել է, որ Ռուսաստանը կոնցեսիայի կառավարման իրավունքը փոխանցի երրորդ երկրի, որն ընդունելի կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար։
Հայաստանի երկաթուղիները իրավաբանորեն պատկանում են հանրապետության կառավարությանը, սակայն դրանք կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Կառավարումն իրականացվում է 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով, որը նախատեսված է 30 տարի ժամկետով։
Մարտի սկզբին Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ քննարկվում է երկաթուղու կառավարումը մեկ այլ երկրի փոխանցելու հարցը՝ որպես հնարավոր տարբերակներ նշելով Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Կատարը։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը, սակայն, հայտնել էր, որ կոնցեսիայի փոխանցման վերաբերյալ որևէ քննարկում չի ընթանում։



