Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա, ինչպես նաև նրա կուսակցության՝ Պետդումայի ընտրություններում գրանցած արդյունքի կապակցությամբ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Սև ծովում առևտրային և քաղաքացիական նավագնացության անվտանգության հարցը Թուրքիան, վերջին շրջանում, բազմիցս բարձրացրել է ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Անկարան պատրաստ է շարունակել նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին ուղղված ջանքերին։
Ընդգծվում է, որ Թուրքիան բազմիցս հայտնել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների շարունակմանը նպաստելու պատրաստակամության մասին։ Սեպտեմբերի վերջին Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է դիտարկել Կիևի հետ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։



