Ինչու՞ է ցորենի փոխարեն անասնակեր եկել Հայաստ...

Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին քննարկվող թեմային՝ Հայաստան ներմուծվող ցորենի որակի շուրջ ստեղծված հարցերին։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու հանրությանը նախապես չի հաղորդվել, որ առաջին խմբաքանակով ներմուծված ցորենը հիմնականում անասնակերի համար էր նախատեսված։

Փոխնախարարը նշել է, որ նախարարությունը տեղյակ է գործընթացներին, սակայն շեշտը դրվել էր ներմուծման ճանապարհների դիվերսիֆիկացիայի վրա. «Ցորենը տարբեր նպատակներով է ներմուծվում։ Առաջին խումբը եղել է անասնակերի համար։ Սկզբնական հայտարարություններում խոսքը դիվերսիֆիկացիայի մասին էր, ոչ թե կոնկրետ խմբաքանակի որակի»,- ասել է նա։

Լրագրողները նշել են, որ հանրության մոտ տպավորություն էր ստեղծվել, թե ներմուծումը կարող է նվազեցնել հացի գինը, ուստի անհրաժեշտ էր բացահայտ նշել, որ ներմուծված ցորենը սննդային չէ։ Փոխնախարարը պատասխանել է, որ հացի գնի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, և միայն ներկրման ճանապարհների փոփոխությունը բավարար չէ գնի նվազման համար. «Հացի գնի մեջ կան մի քանի բաղադրիչներ։ Դիվերսիֆիկացիան կարող է ազդեցություն ունենալ, սակայն դա ինքնաբերաբար չի նշանակում գնի նվազում։ Այս առումով նախարարությունը որևէ հակառակ ակնարկ չի արել»,- նշել է նա։

Հարցին, թե եթե Ղազախստանն առաջինը չհայտարեր ներմուծված ցորենի հավելյալ տեղեկատվությունը, արդյոք Հայաստանը կհայտներ այն հանրությանը, փոխնախարարը պատասխանել է, որ այդ տեղեկության աղբյուրի մասին տվյալներ չունի, սակայն ընդգծեց, որ ներմուծման գործընթացում «գաղտնիություն չկա»։ Ըստ փոխնախարարի՝ հաջորդ խմբաքանակով արդեն ներմուծվել է սննդային բարձրորակ ցորեն Ռուսաստանից։