
Վիետնամի եւ Ղազախստանի որոշ բանկեր, հետեւելով թուրքականներին, դադարեցրել են համագործակցությունը ռուսական «Միր» վճարային համակարգի հետ, գրում է «Իզվեստիա» թերթը։
«Վիետնամական BIDV բանկի եւ ղազախական «Հալիք» քոլ սենթրները հայտնել են, որ այս պահին ռուսական պլաստիկ քարտերը չեն ընդունում, թեեւ դրանք նախկինում Վճարային քարտերի ազգային համակարգի կայքում որպես գործընկերներ էին նշված»,- գրում է թերթը։
BIDV քոլ սենթրից թերթին հայտնել են, որ «Միր» վճարային համակարգը սպասարկվող քարտերի ցանկում չի եղել։ Ղազախստանի Halyk Bank-ի զանգերի կենտրոնում (Halyk Bank) հայտնել են, որ «Միր» քարտերը չեն սպասարկվում ո՛չ տերմինալների, ո՛չ բանկոմատների միջոցով։
Ավելի վաղ ԱՄՆ գանձապետարանը պատրաստակամություն էր հայտնել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսական Վճարային քարտերի ազգային համակարգի եւ «Միր» ազգային վճարային համակարգի օգտագործմանն աջակցելու համար։
Թուրքական Ishbank-ը եւ Denizbank-ը երկուշաբթի հայտարարել էին «Միր» քարտերի ընդունումից հրաժարվելու մասին։ Նրանք որոշումը պատճառաբանել էին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցներով։