«Wildberries»-ից գնած հուշանվեր թղթադրամներով...

Նոյեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մարիամ  Վ․-ն  և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Դ․-ն վերջինիս կողմից շահագործվող «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով հուշանվեր փողեր իրացնելու նպատակով գտնվում են Արենի բնակավայրի տարածքում, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում և Արենի բնակավայրում գործող տաղավարներից մեկում իրացրել են կեղծ թղթադրամներ և պատրաստվում են այլ վայրերում ևս իրացնել կեղծ թղթադրամներ:

Ստացված տեղեկություններն իրացնելիս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ժամը 21։10-ի սահմաններում Մարիամ Վ․-ն և Դավիթ Դ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում վերը նշված ավտոմեքենայով հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ Դավիթ Դ․-ի մոտ գտնվող կանանցի պայուսակից հայտնաբերվել է թվով 3 հատ 2 հազար անվանական արժեքով, թվով 6 հատ 5 հազար անվանական արժեքով, թվով 7 հատ 10 հազար անվանական արժեքով, թվով 36 հատ 20 հազար անվանական արժեքով, թվով 10 հատ 50 հազար անվանական արժեքով և թվով 10 հատ 100 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

Դավիթ Դ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված թղթադրամները «Վայլդբերիս» հավելվածով պատվիրել և ստացել է կինը` Մարիամ Վ․-ն, իսկ ինքը Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կայանում մեքենայի լիցքավորման դիմաց վճարել է կեղծ 20 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամով և ստացել 18 հազար դրամ մանր, ինչպես նաև նույն օրը Արենի բնակավայրում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող տաղավարներից մեկում Մարիամ Վ․-ն կատարել է գնումներ, որի դիմաց վճարել է կեղծ 20 հազար դրամ։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։