ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկը պայմանագիր են կնքել՝ Հա...
  • Ֆինանսավորումը կուղղվի ՄՓՄՁ-ների աջակցմանը և կընդլայնի միջոցների հասանելիությունը Հայաստանի
    մարզերում
  • Ֆինանսավորումն ընդգրկում է կանաչ ֆինանսավորման զգալի բաղադրիչ
  • Կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները կխթանեն ներառականությունը, կանաչ
    ներդրումները և գենդերային հավասարությունը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է մինչեւ €150 միլիոնի վարկային փաթեթ Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի` Ամերիաբանկի համար: 

Վարկը, որը տրամադրվում է երկու փուլով՝ €100 միլիոն եւ եւս €50 միլիոն տրանշերով, Ամերիաբանկին հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ հատկապես ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին եւ նոր վարկառուներին։

Այս նախաձեռնությունը նաեւ կաջակցի Հայաստանի` կանաչ տնտեսության անցմանը, քանի որ Ամերիաբանկը հանձնառու է միջոցների առնվազն 40%-ն ուղղել կանաչ ներդրումներին՝ բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը եւ վերականգնվող էներգիայի արտադրությունը։ 

Ի լրումն դրան, ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսին աջակցության հիմնադրամի (SBIF) կողմից ֆինանսավորվող շուրջ €170,000 արժողությամբ տեխնիկական համագործակցության նախագիծը, որին կմասնակցի նաեւ Ամերիաբանկը, կնպաստի կանաչ նախագծերի իրականացմանը եւ մոնիտորինգին: ԵՄ կողմից ֆինանսավորվող խորհրդատվական եւ կարողությունների զարգացման հետագա ծրագրերը` մինչեւ €75,000 ընդհանուր արժողությամբ, կբարձրացնեն ՄՓՄՁ-ների մրցունակությունը, նորարարությունը եւ արտահանում իրականացնելու պատրաստվածությունը։

«Այս ֆինանսավորումը կարեւոր դեր կխաղա Հայաստանի մասնավոր հատվածն ուժեղացնելու եւ կանաչ տնտեսության անցումն արագացնելու գործում։ Ամերիաբանկի ամուր դիրքը շուկայում եւ ուղղվածությունը դեպի նորարարությունն ու ՄՓՄՁ հատվածի զարգացումը վերջինիս դարձնում են ՎԶԵԲ-ի հուսալի գործընկեր տարածաշրջանում առաջնահերթ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում»,- ասել է ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

«Մենք հպարտ ենք, որ ամրապնդում ենք մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ եւ ընդլայնում ՄՓՄՁ ֆինանսավորման եւ կանաչ վարկավորման պորտֆելները։ Այս համագործակցությունը մեզ կտա ավելի լայն հնարավորություններ` աջակցելու հայկական բիզնեսներին, խթանելու տնտեսական աճը եւ կայուն զարգացումն ամբողջ երկրում»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նշվում է, որ գործարքը համահունչ է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար որդեգրած ռազմավարությանը, ֆինանսական ոլորտի ռազմավարությանը, ինչպես նաեւ կանաչ տնտեսության անցման մոտեցմանը եւ գենդերային հավասարության խթանման ռազմավարությանը։