Վստահ եմ, ՀՀ-ում հյուրընկալվող COP17-ը կարող...
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Բրազիլիայում մասնակցել է «Ռիոյից Բելեմ. սիներգիկ գործողություններ էկոհամակարգերի վերականգնման և կլիմայական կայունության համար» բարձր մակարդակի միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Միջոցառումը միտված էր ընդգծելու Ռիոյի երեք կոնվենցիաների փոխկապակցվածությունը, ինչպես նաև ներկայացնելու այն քայլերը, որոնք երկրների կողմից ձեռնարկվում են համակցված գործողությունների համար՝ նպատակ ունենալով առաջ մղել կլիմայի, կենսաբազմազանության և հողային ռեսուրսների պահպանման համաշխարհային օրակարգերը։
 
Միջոցառումն առանձնահատուկ էր նրանով, որ Բրազիլիան՝ լինելով Ռիոյի կոնվենցիաների «ծննդավայր» և Կլիմայի COP30-ի հյուրընկալող երկիր, հանդես է գալիս որպես հարթակ, որտեղ հնարավոր է համախմբել տարբեր երկրների փորձը և բարձրացնել համատեղ գործողությունների արդյունավետությունը։
 
Իր ելույթում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, հյուրընկալելով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի` COP17-ի համաժողովը, ակտիվորեն աշխատում է Ռիոյի կոնվենցիաների և հարակից բազմաթիվ բնապահպանական համաձայնագրերի միջև համագործակցության խորացման ուղղությամբ։
 
«Հայաստանը COP17-ի գործընթացների կենտրոնում դիտարկել է Կունմին–Մոնտրեալի Գլոբալ շրջանակի իրականացման համատեղ առաջընթացի գլոբալ վերանայումը, որը կդառնա կարևոր գործիք փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման, համագործակցության ամրապնդման և համապատասխան որոշումների ընդունման համար։
 
Ընդգծել եմ, որ Հայաստանը ներդնում է համաչափ և ինտեգրված մոտեցում ազգային պլանավորման, հաշվետվողականության և քաղաքականության իրականացման գործընթացներում՝ համադրելով իր կենսաբազմազանության ազգային ռազմավարության ծրագիրը (NBSAP) Գլոբալ շրջանակի դրույթների հետ, ապահովելով ցուցանիշների ընտրությունը, միջոցառումների կապակցումը բյուջետային հատկացումների հետ և ուժեղացնելով ազգային մակարդակով իրականացվող գործողությունների թափանցիկությունը»,- նշել է նախարարը։
 
Նախարար Մաթևոսյանը կարևորել է նաև կենսաբազմազանության, կլիմայի, հողի, պլաստիկի, քիմիական նյութերի և թափոնների կառավարման ոլորտներում փոխլրացնող մոտեցումների ամրապնդումը, որը հնարավորություն է տալիս արագացնել իրականացման գործընթացները և բարձրացնել կարողությունները, հատկապես զարգացող երկրներում, ինչպես նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների շրջանում։
 
Ելույթի ավարտին նախարարը նշել է, որ 2026 թվականին, երբ երեք Ռիոյի կոնվենցիաները կկազմակերպեն իրենց հերթական COP-երը, կստեղծվի բացառիկ հնարավորություն համաշխարհային բնապահպանական քաղաքականությունների համադրման և համատեղ ուղերձների ձևավորման համար․
 
«Վստահ եմ, Հայաստանում հյուրընկալվող COP17-ը կարող է դառնալ հարթակ, որտեղ հնարավոր կլինի միավորել օրակարգերը, սահմանել համատեղ ռազմավարական ուղենիշներ՝ էկոհամակարգերի վերականգնման, բնության վրա հիմնված լուծումների, հողի դեգրադացիայի չեզոքացման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ուղղությամբ»։