Վրաստանը խստացրել է հսկողությունը ՌԴ-ի հետ սա...

Վրաստանի իշխանությունները ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքի հետ կապված ռազմական ագրեսիայի սպառնալիք չեն տեսնում։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու է Վրաստանի հետ սահմանին, «Վերին Լարս»  անցակետում ռուսական ռազմական տեխնիկա հայտնվել։

«Դա Ռուսաստանի ներքին գործն է... Այդ զորահավաքի հետ կապված մենք ռազմական ագրեսիա պարունակող սպառնալիք չենք տեսնում»,- ասել է Բուրչուլաձեն, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Խոսելով Վրաստան եկող ՌԴ քաղաքացիների կտրուկ աճի հետ կապված ռիսկերի մասին՝ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ տեսական ռիսկերն առկա են եղել միշտ։

«Եթե ինձ հարցնեք անհատական մակարդակի մասին, թե արդյոք Ռուսաստանի բոլոր քաղաքացիներն են բարեխիղճ, թե ոչ, ապա այդ ռիսկը կար նաեւ այս իրավիճակից առաջ»,- ասել է Բուրչուլաձեն։ Եվ անմիջապես էլ նշել է, որ խիստ հսկողությունը, որը գոյություն ուներ անցակետերում մինչեւ հիմա, այսօր խստացվել է էլ ավելի մեծ ռեսուրսի շնորհիվ. բոլոր եկողներին հարցնում են, թե ուր են գնում, ինչ միջոցներով եւ այլն։ «Այս փուլում մենք որեւէ գործողության սպառնալիք չենք տեսնում»,- ընդգծել է Բուրչուլաձեն։

Այսօր ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ում հայտարարվել էր «Վերին Լարսում» զինկոմիսարիատի հավաքակետ բացելու մասին։ Նշվել էր նաեւ «մի շարք միջոցների մասին՝ իրավակարգի եեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության առումով»։

Ավելի ուշ ականատեսները սկսել են տեղեկացնել, որ Վրաստանի սահմանին է մոտենում ռուսական ռազմական տեխնիկա։ Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին հայտարարվել է մասնակի զորահավաք, իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են 300 000 մարդ ուղարկել Ուկրաինա՝ կռվելու։ Այդ ժամանակվանից տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ սկսել են լքել երկիրը։

Երեքշաբթի առավոտյան «Վերին Լարսում» ՌԴ-ից մոտ չորս հազար ավտոմեքենա է սպասում. սա ռեկորդային թիվ է վերջին տարիների համար։ Հարյուրավոր մարդիկ սահմանն անցնում են ոտքով։