Ռուսաստանցիները պետք է հստակ հասկանան, որ Վրաստան ուղեւորություններն իրենց համար անվտանգ չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը միջադեպից հետո, որը մեկ օր առաջ տեղի էր ունեցել Թբիլիսիում հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վրաստանում վտանգավոր է Ռուսաստանի քաղաքացիների համար,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը: - Այնտեղ գնալը վտանգավոր է: Ռուսաստանցիները սա պետք է հստակ հասկանան»:
Պեսկովը նաեւ ընդգծել է, որ Կրեմլը խստորեն դատապարտում է Վրաստանի մայրաքաղաքում ծայրահեղական տրամադրված ազգայնականների ագրեսիվ գործողությունները ռուս քաղաքացիների նկատմամբ:
Ընդ որում՝ պաշտոնական Կրեմլը ողջունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, որը դատապարտել էր ազգայնականների գործողությունները. «Մենք տեսել ենք Վրաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը, որը նույնպես դատապարտել է այդ գործողությունները, եւ մենք ողջունում ենք այդ հայտարարությունը»:



