ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մեծ երկրպագուն չէ և համարում է, որ նրա հետ ավելի դժվար է բանակցություններ վարել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ Նա նաև քննադատել է Ուկրաինայի որոշումը՝ վերսկսելու ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։ Այս թեմային Թրամփն անդրադարձել է հոկտեմբերի 15-ին Newsmax-ին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ Զելենսկու հետ հեշտ չէ գործ ունենալ։
«Նա չի ցանկանում համաձայնության գալ։ Նա ասում է, որ ցանկանում է համաձայնության գալ, բայց իրականում չի ցանկանում։ Ո՛չ, ես Զելենսկու մեծ երկրպագուն չեմ», - ասել է Թրամփը Սպիտակ տանը Finnerty հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում։
Հոկտեմբերի 15-ին Ուկրաինան վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին՝ եռօրյա դադարից հետո։ Հոկտեմբերի 11-ին Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են էներգետիկ հրադադարի։ Ուկրաինան հայտարարել էր, որ դադարեցրել է հարվածները ՌԴ էներգետիկ օբյեկտներին, սակայն Ռուսաստանը նույն կերպ չի վարվել։
Հարցին, թե ինչ է մտածում Ուկրաինայի կողմից հարվածների վերսկսման մասին, Թրամփը նշել է, որ դրանք հանգեցնում են էներգակիրների համաշխարհային գների աճի։
«Եթե հիմա ինձ ասում եք, որ Զելենսկին կրկին հարվածներ է հասցնում նավթավերամշակման գործարաններին, ապա նա միայն բարձրացնում է նավթի համաշխարհային գինը, - ասել է նա։ - Կարծում եմ՝ դա խայտառակություն է։ Կան բազմաթիվ այլ թիրախներ.... Կան բազմաթիվ թիրախներ, որոնց կարելի է հարվածել»։
«Սակայն երբ հարվածներ ես հասցնում դիզելային վառելիքի վերամշակման գործարաններին, որտեղ արտադրվում է դիզելային վառելիք, որը մեզ է անհրաժեշտ, և որի կարիքն ունի նաև ամբողջ աշխարհը, ապա նա աշխարհին լավ ծառայություն չի մատուցում», - հավելել է նա։
Հարցին, թե արդյոք պատերազմը կավարտվի մինչև իր պաշտոնավարման ավարտը, Թրամփը լավատեսություն է հայտնել համաձայնության հասնելու հնարավորության վերաբերյալ, սակայն կասկածի տակ է դրել բանակցելու Զելենսկու պատրաստակամությունը։
«Այն պետք է շուտով ավարտվի։ Կարծում եմ՝ իրականում երկուսն էլ կցանկանային, որ այն ավարտվեր։ Բայց կարծում եմ՝ Զելենսկու հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Պուտինի», - նշել է նա։
Համաձայնության հասնելու դժվարությունները Թրամփը մասամբ կապել է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև առկա անձնական թշնամանքի հետ։
«Ինչպես գիտեք, (ՌԴ նախագահ) Պուտինն ատում է Զելենսկուն, իսկ Զելենսկին՝ Պուտինին։ Եվ երբ նման ատելություն կա, շատ դժվար է որևէ հարցի շուրջ համաձայնության գալ», - ասել է նա։
Թրամփը նաև բարձրացրել է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնելու հարցը՝ կասկածի տակ դնելով՝ արդյոք շարունակվող պատերազմի պայմաններում Զելենսկին դեռևս ունի հանրային աջակցություն։
«Կարծում եմ՝ ընտրություններ պետք է անցկացվեն, որովհետև ոչ ոք ինձ չի ասում, որ Ուկրաինայի ժողովուրդը գոհ է, երբ հրթիռները հարվածում են իրենց բազմաբնակարան շենքերին», - ասել է Թրամփը։
Ուկրաինայում ռազմական դրություն է գործում 2022 թ. փետրվարին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից ի վեր։ Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացումն արգելված է։
Զելենսկին, սակայն, արձագանքելով ավելի վաղ Թրամփի արած նմանատիպ կոչին, նշել էր, որ պատրաստ է երկրում ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի։ Կրեմլը մերժել էր նման հնարավորությունը։



