ՀՀ-ն Ադրբեջանից կկարողանա գնել էլեկտրաէներգիա...

Այն հայտարարությունը, որը տարածել է ՀՀ ՏԿԵՆ-ը, ամբողջովին արտացոլում է այն օրակարգը, ինչի մասին քննարկումներ են եղել Ադրբեջանի էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների հետ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր ՄՀՀ-ում լրագրողների հետ ճեպարզույցում հայտարարել է նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադառնալով Գորիսում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը։

«Քննարկվել է TRIPP-ով պայմանավորված էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված հարցը։ Այս տրամաբանության մեջ սա 2-րդ հանդիպումն է, նախորդ ամիս էլ հանդիպում է եղել, որին մասնակցել են 2 երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուները, որի ժամանակ էլ քննարկվել է էներգետիկ համակարգերն իրար միացնելու հարցը։ Պայմանավորված այն հանգամանքով, որ ըստ անհրաժեշտության ՀՀ-ն Ադրբեջանից կարողանա գնել էլեկտրաէներգիա ու Ադրբեջանն էլ ՀՀ-ից կարողանա գնել էլեկտրաէներգիա։ Այս ընթացքում ուսումնասիրել ենք առկա ենթակառուցվածքները»,-ասել է Խուդաթյանը։

Նրա պնդմամբ՝ որոշակի փոքր ներդրումներ անելու տրամաբանության մեջ մեր ենթակառուցվածքները պատրաստ են և ըստ էության այդ հարցը կարող է ավելի գործնական փուլ անցկացվել։

Խուդաթյանը հավելել է, որ առաջիկայում նմանատիպ հանդիպումների համար պայմանավորվածություններ չկան, սակայան կարծում է, որ այս հանդիպումները շարունակական կլինեն։

Վերջինիս պնդմամբ՝ 1 տարի առաջ ՀՀ-ում կար էլեկտրաէներգիայի ավելցուկ։

Առհասարակ տարածաշրջանում Հայաստանը դիրքավորված է որպես էլեկտրաէներգիա վաճառող երկիր, իսկ հիմա ԱԲ գործարանների առկայությամբ ու դրա պահանջարկով պայմանավորված այնպիսի իրավիճակ ունենք, որ որքան էլ էլեկտրաէներգիա արտադրի ՀՀ-ն, այն կարող ենք տրամադրել ԱԲ գործարաններին։ Այդ տրամաբանության մեջ չի բացառվում իրավիճակ, երբ մենք գնենք Վրաստանից, ինչպես գնել ենք նախկինում»,-ասել է նա։