Իրանի արտաքին գործերի նախարարությունը խիստ դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը՝ հայտարարելով, որ այդ քայլը հակասում է ՄԱԿ կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ Երուսաղեմը պաղեստինյան տարածքի անբաժանելի մասն է, և հայտարարել է, որ Կոլումբիան պետք է պատասխանատվություն կրի իր որոշման հետևանքների համար։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտում է Կոլումբիայի կառավարության գործողությունները օկուպացված Երուսաղեմում դեսպանատուն բացելու վերաբերյալ և դրանք համարում է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հակասող», — նշվել է հայտարարության մեջ։
«Երուսաղեմը պաղեստինյան տարածքի անբաժանելի մասն է, և բոլոր պետությունները, միջազգային իրավունքի համաձայն, պարտավոր են ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է դիտարկվել որպես իսրայելական ռեժիմի օկուպացիայի ճանաչում», — ընդգծել են նախարարությունում։
Գերատեսչությունում նաև հայտարարել են, որ Կոլումբիայի ներկայիս ղեկավարության մերձեցումը «օկուպացնող և ցեղասպան ռեժիմի» հետ, ինչպես նաև պաղեստինյան տարածքների օկուպացիայի լեգիտիմացումը, ակնհայտորեն հակասում են անկախության և արդարության այն իդեալներին, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում Կոլումբիայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների պայքարի պատմության մեջ։
Իրանական կողմի պնդմամբ՝ Կոլումբիայի դեսպանատան բացումը Երուսաղեմում հակասում է երկրի միջազգային-իրավական պարտավորություններին, որոնք կապված են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պահպանման հետ, և փաստացի նշանակում է աջակցություն օկուպացիային ու պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտում։
«Կոլումբիայի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի միջազգային իրավունքին հակասող իր անբարո որոշման հետևանքների համար», — եզրափակել են Իրանի ԱԳՆ-ում։



