Սա շատ մեծ ներքաղաքական ճգնաժամ էր, և թերևս վերջին մեկ տարվա ընթացում կատարված ամենախոշորը: Politik.am-ի հետ զրույցում Վրաստանում երեկ տեղի ունեցած իրադարձությւնները այսպես մեկնաբանեց «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խափանեցին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները, իսկ քաղաքի տարբեր հատվածներից հավաքված վրացի ցուցարարները շրջափակել էին հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել էին Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։ Պահանջը մեկն էր՝ դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցությունը։ Բողոքի ցույցերից տուժել է շուրջ 6 տասնյակ մարդ։
Ըստ Միքայելյանի՝ կատարվածը ուղակի արտահայտությունն է այն հակամարտության, որը տեղի է ունեցել Ռուսաստանի և Վրաստանի միջև, և շարունակվում է մինչև այսօր․
«Սա առանջին դեպքը չէ, և ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում որևէ առանձին ազդեցություն չի կարող ունենալ, փոխարենը այն կազդի Վրաստանի ներքին քաղաքական կյանքի վրա: Որպես ազդեցության օրինակ կարող ենք դիտարկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեի այսօրվա հրաժարականը»,- ասաց նա։
Հարցին, արդյոք վրացական կողմը չէր կարող հանդուրժողականություն դրսևորել, որպեսզի խուսափեր այս միջադեպից, Հրանտ Միքայելյանը պատասխանեց․
«Առհասարակ Վրաստանում կա տարբեր դեպքերին շատ աղմկոտ արձագանքելու «ավանդույթ», որը արտահայտվեց նաև այս անգամ: Ամեն դեպքում, Վրաստանի իշխանությունը կցանականար, որ նման արձագանք չլիներ։ Պետք է հիշել, որ բողոքը սկսել է նախկին նախագահ Սաակաշվիլի` «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը։



